23/12/2014 18:43
Հայկ Ֆարամազյան. «Ռոստելեկոմն» այս տարի չի մտնի բջջային հեռախոսակապի շուկա
«Ռոստելեկոմ» ընկերությունն այս տարվա ընթացքում չի պատրաստվում մտնել բջջային հեռախոսակապի շուկա: Այս մասին այսօր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ընկերության հայաստանյան ներկայացուցիչ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
«Գալիք տարում մենք պատրաստվում ենք որակապես ու տեխնիկապես զարգացնել մեր ընկերության կողմից արդեն իսկ տրամադրվող ծառայությունները»,- ասաց ընկերության տնօրենը:
Նա անդրադարձավ նաև ընկերության IP-TV ծառայությանը՝ նշելով, որ այստեղ ևս լինելու են ներդրումներ:
Լրագրողները Հայկ Ֆարամազյանից հետաքրքրվեցին, ի՞նչ առաջխաղացում կա Հայաստանում տվյալների մշակման կենտրոնի կառուցման հարցում.
«Այս հարցը մեր ուշադրության կենտրոնում է ու քննարկվում է նաև Կառավարության հետ»,- ասաց «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ»-ի տնօրենն՝ ավելացնելով.
«Կարծում եմ՝ այս հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի 2015թ.-ին»: