24/12/2014 11:14
Հակառակորդն ակտիվացել է Տավուշի գյուղերի ուղղությամբ. «Կարող ա 6-7 հատ կրակեն, բայց թիրախային»
Վերջին 4 օրերին հակառակորդն ակտիվացել է սահմանի հյուսիսարևելյան ուղղությամբ: Տեղի սահմանամերձ գյուղերի բնակիչները նշում են, որ կրակոցները շատ չեն, բայց թիրախային են:
«Վերջին չորս օրն ա՝ մեր տան վրա են կրակում: Մի գնդակ անգամ պատուհանից ներս ա անցել»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Այգեպար գյուղի բնակիչ Վարդուշ Փոլադյանը:
«Կարող ա նենց լինի սաղ օրվա մեջ 6-7 հատ կրակեն, բայց հատուկ նպատակով հենց տների վրա»,- ասաց նա:
Գյուղացիների խոսքով՝ կրակում են հիմնականում դիպուկահարները:
Սահմանամերձ այդ հատվածի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում ևս կրակոցներ են լինում: Նախօրեին հակառակորդը կրակել էր ընթացքի մեջ եղած մեքենայի վրա: Բարեբախտաբար, տուժողներ չեղան:
Տեղացիները կարծում են, որ հակառակորդի այս ակտիվացման պատճառը գալիք տոներն են: