24/12/2014 15:00
Հայկ Կյուրեղյանը նորից ոտքի չկանգնեց. Դատավորը նրան 10 ժամով հեռացրեց նիստերից
Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Հայկ Կյուրեղյանի գործով հերթական դատական նիստին Հ. Կյուրեղյանը և դահլիճում ներկաների մի մասը ոտքի չկանգնեցին:
Հ. Կյուրեղյանը նստած դիմեց դատարանին` ասելով, որ հրաժարվում է պաշտպան Արա Զաքարյանի ծառայություններից:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը ասաց, որ կարող է հեռացնել ամբաստանյալին նիստերի դահլիճից, քանի որ նա կարգ է խախտում և դատարանը կարող է առանց նրա շարունակել նիստը:
Հ. Կյուրեղյանը ասաց, որ որոշումը դատավորինն է և իրեն հեռացնելով՝ դատավորը իրեն զրկում է իր իրավունքից:
«Ես համարում եմ սա խաղալիք դատարան, գրպանի դատարան, ինչ-որ մեկի դատարան»,- ասաց Հ. Կյուրեղյանը:
Դատավորը որոշեց ամբաստանյալին հեռացնել նիստերից 10 ժամով, ինչից հետո դահլիճում նստածները դուրս եկան նիստերի դահլիճից:
Դատարանը որոշում կայացրեց ներգրավել հանրային պաշտպանի: Դատական հաջորդ նիստը նշանակվել է հունվարի 14-ին: