20/01/2015 14:55
ՀՅԴ. Դատաքննությունը պետք է կայանա ՀՀ տարածքում, ՀՀ օրենքներին համապատասխան
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է.
«ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր կսկիծով ստացավ Գյումրիում հունվարի 12-ին անմարդկային սպանդի հետևանքով վիրավորված և 7 օր շարունակ կյանքի ու մահվան միջև պայքարող 6-ամսյա փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը: Մեր ողջ կազմակերպության անունից ցավակցում ենք և կիսում Ավետիսյան գերդաստանի, գյումրեցիների, մեր ողջ ժողովրդի վիշտը, ցավն ու բողոքը: Որևէ բառ, խոսք, ցավակցություն չի կարող սփոփել մեր ցանկացած հայրենակցի, ամեն մի բանական մարդու կսկիծն ու հոգու խռովքը:
Միաժամանակ վերահաստատում ենք մեր ներկայացուցիչների կողմից նախկինում էլ հրապարակայնորեն պարբերաբար հնչեցրած պահանջը` Գյումրիում Ավետիսյան գերդաստանի ոճրային սպանության գործի քննությունը և հետագայում նաև` դատաքննությունը պետք է կայանա Հայաստանի Հանրապետության տարածքում, ՀՀ օրենքներին համապատասխան»: