27/01/2015 18:12
Սեյրան Օհանյան. ՄԽ համանախագահները գործ ունեն կատարելու
Բանակցային գործընթացում հաջողությունների նախապայմանը վստահության մեխանիզմների ձևավորումն է, որն առաջին հերթին պետք է արտահայտվի առաջին գծում՝ հրադադարի պայմանագրի կատարմամբ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով ԵԱՀԿ Միսնկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացին:
«Իսկ հրադադարի մասին պայմանագիրն իր մեջ պարունակում է բոլոր տիպի կրակոցների դադարեցում, դիպուկհարների հետքաշում սահմանից, դիվերսիոն-հետախուզական գործողությունների դադարեցում, հրադադարի պայմանագրի խախտման դեպքում հետաքննական մեխանիզմների ձևավորում: Ես գտնում եմ, որ սա է հիմնական պայմանը, որով կարող է ստեղծվել երկխոսության մթնոլորտ»,- ասաց նախարարը՝ նորից ընդգծելով, միայն այսպես հնարավոր կլինի հաջողությունների հասնել բանակցային գործընթացում:
«Մենք միշտ էլ երկխոսությունը, ուժի չկիրառումը, առաջնային ենք համարել: Այսինքն՝ խաղաղ պայմաններում հարցի լուծման վերջնագիծը գտնելը: Եվ այդ պայմաններում, իհարկե, Մինսկի խմբի համանախագահները գործ ունեն կատարելու: Կարծում եմ, որ, որպես ռազմական կառույցի ղեկավար, հետաքննական մեխանիզմների ձևավորումն է, որ հստակ կորոշի, թե որ կողմն է խախտում իրականացրել»,- ասաց Պաշտպանության նախարարը՝ նշելով, որ հակառակ դեպքում կշարունակվեն երկու կողմերին էլ ուղղված հորդորները: