29/01/2015 17:30
Է.Շարմազանովը Չեխիայի դեսպանի հետ քննարկել է վերջին օրերին շփման գծում հրադադարի խախտման դեպքերը
ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը այսօր հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկայի հետ: Հայ պաշտոնյան նշել է, որ նախորդ տարում հայ-չեխական միջխորհրդարանական կապերն ունեցել են զարգացման արդյունավետ ընթացք, ինչին նպաստել են երկու երկրների խորհրդարանականների փոխայցերը:
Նա հույս է հայտնել, որ ընթացիկ տարում այդ հարաբերություններն առավել կամրապնդվեն ու կընդլայնվեն ու ընդգծել, որ 2015 թ. հայ ժողովրդի համար կարևոր տարի է. Հայաստանում և արտերկրում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված բազմաթիվ միջոցառումներ են նախատեսվում: Այս համատեքստում պարոն Շարմազանովը շնորհակալություն է հայտնել Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կազմակերպելու հարցում պատրաստակամություն հայտնելու համար:
ԱԺ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ հանդիպման ընթացքում ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Ադրբեջանի կողմից վերջին օրերին սահմանին և շփման գծում խախտման դեպքերին: Նա ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը հստակ հասցեագրված էր Ադրբեջանին՝ հավատարիմ մնալու հրադադարի պահպանման ռեժիմին: Է.Շարմազանովը ևս մեկ անգամ փաստել է, որ ՀՀ իշխանությունները ԼՂ խնդրի լուծումը տեսնում են բացառապես խաղաղ ճանապարհով, ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների ձևաչափով: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի:
Իր հերթին Պետր Միկիսկան բարձր է գնահատել երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները և այս համատեքստում կարևորել միջխորհրդարանական գործակցության զարգացումը: