29/01/2015 12:32
«Փետրվարի 1-ից լինելու է համընդհանուր, համահայկական, համատարած գործադուլ»
«Եթե կառավարության ներկայացուցիչները մեր բողոքի ձայնը չեն լսում, մենք ստիպված կլինենք ավելի բարձր աղմկել, որ իրենց թմրած ականջները վերջապես լսեն: Բայց մինչ այդ հայտարարեմ` փետրվարի 1-ից ոչ մեկս հարկ չենք վճարելու և ոչ մեկս չենք աշխատելու»,- քիչ առաջ բարձրախոսով հայտրարվեց Կառավարության շենքի դիմաց, որտեղ առավոտյան ժամը 11-ից ընթանում է ձեռնարկատերերի բողոքի հերթական ակցիան:
Հիշեցնենք, որ ձեռնարկատերերը պահանջում են «Շրջանառության հարկի մասին» օրենքի կասեցում, որը ուժի մեջ է մտնելու փետրվարի 1-ից:
Բարձրախոսով աղմկելու հորդորը հնչեցրած ցուցարարը պարզաբանեց իր միտքը` փետրվարի 1-ից լինելու է համընդհանուր, համահայկական, համատարած գործադուլ:
«Եվ գուցե այդ ժամանակ մեր ձայնը ոչ թե նրանց ականջներին, այլ՝ գրպաններին լսելի կլինի: Մենք այնքան կաղմկենք, մինչև մեր ձայնը հասնի նրանց թմրած զգայարաններին»,- ընդգծեց նա:
Նշենք, որ ցուցարարները բացի սուլելուց, աղմկելուց, ոտքերով դոփելուց նաև վանկարկում են.
«Պայքար, պայքար մինչև վերջ»:
Հիշեցնենք, ցուցարարները մինչև ժամը 13.00-ն սպասում են կառավարությունից պատասխան իրենց նամակ-պահանջներին, որից հետո պատրաստվում են շարժվել դեպի Ֆինանսների նախարարություն, պահանջել Գագիկ Խաչատրյանի հրաժարականը, իսկ դրանից հետո էլ երթով հասնել նախագահական նստավայր: