02/03/2015 17:36
Ընդդիմություն լինել չի նշանակում միայն հայհոյել. Բաղդասարյան
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղադասարյանի համոզմամբ՝ նախկինում, դեռ տարիներ առաջ ընդդիմության հանրահավաքները (նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք-Aysor.am) իշխանությունների համար աղետ ու ողբերգություն էին, իսկ այսօր նրա խոսքով՝ չկա նման բան. «Հիմա իշխանությունն ասում է չենք արգելում, արեք ձեր հանրահավաքները, ձեր ասելիքն ասեք ազատ: Մինչդեռ մի ժամանակ մամուլում առհասարակ բացակայում էին ընդդիմության ներկայացուցիչների հայտարարություններն ու լուսաբանումը: Հիմա ամբողջ մամուլը հեղեղված է նրանց հոդվածներով»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա՝ անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանություններն այսօր ընդդիմության նկատմամբ ճնշումներ են գործադրում:
«Իշխանությունները ռուբիկոններ չեն գործադրում, իսկ ընդդիմությունը նրա համար է, որ ճնշումների չենթարկվի»,- շարունակելով իր խոսքը նշեց պատգամավորը: Բաղդասարյանը վստահեցնում է, որ ԲՀԿ-ի նկատմամբ բռնաճնշումներ չեն գործադրվել: Նրա համոզմամբ՝ պարզապես ԲՀԿ-ն հասկացավ այն, որ նրանց կողքին հայտնված խորհրդատուները, իրականում ինչ նպատակներ էին հետապնդում ապագայի համար: «Մարդիկ շատ ճիշտ ժամանակին կանգ առան: Իսկ հիմա ԲՀԿ-ի մասին խոսելը դեռ վաղ է, որովհետև առջևոմ նրանց համագումարն է: Իսկ համագումարից հետո կտեսնենք նրանց կողմնորոշումը, և մենք մեր ենթադրությունները կանենք»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
Դիտարկմանը՝ փաստորեն Ծառուկյանը Տեր-Պետրոսյանի երազած Իվանիշվիլին այդպես էլ չդարձավ, Բաղդասարյանը արձագանքեց. «Դա միայն Լևոն Տեր-Պետրոսյանի երազանքն է եղել: Կոնկրետ մեր ենթադրությունն ու համեմատությունը երբեք չի հնչել: Կարող է՝ ինչ-որ մարդիկ կոնկրետ նպատակներ են ունեցել, բայց ես գնահատում եմ այն, որ Ծառուկյանը ժամանակին կանգ առավ և արեց այն հայտարարությունը, որը պետք ու անհրաժեշտ էր»:
Ինչ վերաբերում է ընդդդիմադիր ուժերին, ապա ըստ նրա, ընդդիմությունը պետք է իշխանությանը ստիպի, որպեսզի այն հաշվի նստի իր հետ և առողջ քննարկումներ կազմակերպի: «Այն բոլոր արդյունավետ ծրագրերը, որոնք որ ունի ընդդիմությունը, պետք է դնի իշխանության առջև: Բացառությամբ այն ծրագրերի, որոնք ընդդիմությունն ուզում է իրականացնել ի նպաստ իշխանության կործանման»,- հավելեց նա՝ նշելով, որ այդպիսի ծրագրերը կործանարար են նաև պետության համար:
Aysor.am-ի հարցին ի պատասխան, թե ի՞նչ տեսակի ընդդիմություն եք պատկերացնում դուք և արդյոք այս տարիների ընթացքում եղե՞լ է այդպիսի ընդդիմություն, Բաղդասարյանն ասաց, թե այն ընդդիմությունը, որը ինքն է պատկերացնում, այդպիսին երբևէ չի եղել: «Մեզ պետք այսօր արմատապես փոփոխված ընդդիմություն: Անկեղծ ասած՝ Դաշնակցության գործելաոճն է, որ պարտադրում է աշխատել: Շատ կառուցողական մոտեցումներ է ցուցաբերում: Նրանց հետ մենք բազմիցս ստիպված ենք եղել հաշվի նստել: Նրանց առաջարկները դուր են եկել, թե՛ մեզ, թե՛ Հանրապետության նախագահին: Իսկ ընդդիմություն դա չի նշանակում միայն հայհոյել»,- ասաց նա: