20/03/2015 13:48
Ավետիսյանների գործ. Գործի բազմակողմանի քննությունը կասկածի տակ է դրվում
Գյումրիում դաժան սպանդի ենթարկված Ավետիսյանների գործով ապացույցների մեծ մասը գտնվում է հայկական կողմի մոտ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ավետիսյանների ընտանիքի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։
Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակին իրավաբանական լուծում տալ հնարավոր չէ, թեև փորձեր արվում են այն լուծելու։
«Եվ ռուսական, և հայկական կողմի մեծագույն ցանկության դեպքում էլ գործի բազմակողմանի քննությունը կասկածի տակ է դրվում»,- ասաց Լ. Սահակյանը:
Փաստաբանի խոսքով՝ այս ամենը չէր լինի, եթե ի սկզբանե Վալերի Պերմյակովը չհայտնվեր ռուսական կողմի մոտ և նրա դեմ քրեական գործ չհարուցվեր սպանության մեղադրանքով։
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանը իր խոսքում ասաց, որ իրավաբանական այս փուլում հանձնման պահանջ պետք էլ չէ ներկայացնել և Վ. Պերմյակովի հանձնման պահանջ չի եղել։