20/03/2015 14:31
«Ավետիսյանների տանը հայտնաբերված հագուստի և Պերմյակովի քրտինքները խմբային պատկանելիությամբ համընկնում են»
Գյումրիում հունվարի 12-ին Ավետիսյանների տանը հայտնաբերված զենքից են արձակվել բոլոր կրակոցները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Ավետիսյանների ընտանիքի տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը։
Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանի խոսքով՝ դեպքի վայրում հայտնաբերվել են նաև բազմաթիվ պարկուճներ և գնդակներ, ինչը նշանակում է, որ առնվազն այդքան կրակոց է հնչել այդ օրը։
Լ. Սահակյանի խոսքով՝ առկա է նաև դատակենսաբանական փորձաքննության եզրակացությունը, համաձայն որի՝ դեպքի վայրում հայտնաբերված հագուստի և Վ. Պերմյակովի քրտինքները խմբային պատկանելիությամբ համընկնում են, սակայն դատագենետիկական փորձաքննությամբ կպարզվի, արդյոք այդ հագուստը եղել է Պերմյակովի հագին, թե ոչ։
«Դատագենետիկական փորձաքննությունը կտա շատ հարցերի պատասխան, այդ թվում՝ Վ. Պերմյակովից բացի այլ անձ եղել է Ավետիսյանների տանը, թե ոչ»,-ասաց նա։
Ասուլիսին մասնակից փաստակից Երեմ Սարգսյանն էլ ասաց, որ իրենք միջնորդելու են, որ դեպքի վայրում հայտնաբերված հեռախոսները ճանաչման ներկայացվեն տուժողների իրավահաջորդներին, թեև այս պահին այդ հեռախոսները գտնվում ռուսական կողմի մոտ:
Հարցին՝ Վ. Պերմյակովի հոգեկան առողջության վերաբերյալ որևէ եզրակացություն կա՞, Լուսինե Սահակյանն ասաց, որ ՀՀ-ում իրականացվող քննությունը դեռևս չի նշանակվել փորձաքննություն, և իրենք տեղյակ չեն, թե ռուսական կողմը ինչ փորձաքննություն է իրականացրել, բացի այդ, նման միջնորդություն ներկայացնելու համար պետք է գործը համապատասխան փուլում լինի:
Ե. Վարոսյանը էլ ասաց, որ վարույթ իրականացնող մարմինն իրենց հետ համագործակցության եզրեր կարողանում է գտնել, քանի որ թույլ են տվել ներկա լինել բոլոր փորձաքննություններին: