24/03/2015 17:41
Ա. Մանուկյանը ` ՀՀԿ-ին. Սա առնվազն քաղաքական դասալքություն է
2008թ-ին ՀՀ պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 16 տոկոսը, 2009թ-ին` 39 տոկոս, 2011թ-ին` 41 տոկոս, 2013թ-ին՝ ՀՆԱ-ի 44 տոկոսը: Եվ այժմ մեր սեփականության ՀՆԱ-ի կեսից ավելի համարվում է պետական պարտք: Այս թվերը ԱԺ հայտարարությունների ժամին ներկայացրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` նշելով, որ պետական պարտքը այնքան վնասակար ու վտանգավոր չէ, եթե նրա մարման մեխանիզմները կան, եթե նրա տնտեսությունն ունի այնպիսի հնարավորություններ, որով կարող է մարել այդ պարտքերը.
«Հայաստանից ավելի շատ պարտքեր ունեցող երկրներ կան, բայց ունենա նաև իմունիտետ այդ խնդիրը լուծելու համար: Իսկ մենք դա չունենք»,- նկատեց նա ու նշեց, որ ներկայացնում է ուրիշ ռեկորդներ ՀՀ տնտեսությունում:
«2015թ-ին միջազգային մեր պահուստները շարունակել են նորից կրճատվել, դարձել է 1.2 մլրդ դոլար` 4 ամսվա մեջ ամիսը միջինը 100 մլն դոլար մեր պահուստները պակասել են: Եվ այդ գործընթացը շարունակվում է»,- ընթերցեց ընդդիմադիր պատգամավորը:
Արամ Մանուկյանը ասաց նաև, որ Հայաստանի մյուս ռեկորդն էլ այն է, որ 7-8 տարի առաջ Հայաստանի բյուջեից ընդամենը 1.5 տոկոսն էր սպասարկում արտաքին պարտքը, իսկ այսուհետ այդ նպատակով ՀՀ բյուջեից կարիք կլինի հատկացնել 5.3 տոկոս:
«Սա ևս այն ռեկորդն է, որ երբևէ չենք ունեցել»,- ընդգծեց բանախոսը:
Ելույթն հավելելով՝ ՀԱԿ անդամն ասաց, որ սրանք փաստեր են, պետական իշխանության և վիճակագրության թվերն են: Եվ դիմելով կոնկրետ ՀՀԿ-ին՝ ասաց, որ կա երկու մոտեցում. կամ իրենք գիտեն սրանք, իսկ եթե չգիտեն, ուրեմն ինքը դրանք ներկայացրեց, կամ գիտեն ու չեն զբաղվում դրանով, իսկ այդ դեպքում, ասաց նա, «ներող կլինեք, բայց սա կործանում է, գահավիժում».
«Եթե գիտեք ու ձեր քաղաքական թիմը չի զբաղվում սրանով, ապա դա առնվազն քաղաքական դասալքություն է»,- հավելեց իր խոսքը Ա. Մանուկյանը: