24/03/2015 12:31
Ռեկտորի եղբոր սպանության գործով մեղադրվողը եղել է աֆեկտի վիճակում
Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտորի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանին առաջադրված մեղադրանքը և խափանման միջոցը փոփոխվել են: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ա. Կատունյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Նրա խոսքով՝ դատահոգեբանական-դատահոգեբուժական համալիր փորձաքննությունը հաստատել է, որ իր պաշտպանյալը դեպքի պահին գտնվել է հոգեկան խիստ հուզմունքի՝ աֆեկտի վիճակում:
Խափանման միջոցը փոխվել է ստորագրությամբ չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 և 235 հոդվածների 1-ին մասի մասի հատկանիշներով:
Հուլիսի 27-ին, ժամը 15.05-ին, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն էր ներկայացել 1978 թ. ծնված Արման Կ.-ն և հայտնել, որ հուլիսի 24-ին, ժամը 11.30-ի սահմաններում, Գետք գյուղի վարչական տարածքի գերեզմանատան մոտակա կիսաքանդ շինության մոտ վիճաբանել էև Հ. Գրիգորյանի հետ, որի ընթացքում նկատելով նրա ավտոմեքենայի հետևի նստելատեղին դրված «Մակարով» տիպի ատրճանակը` վերցրել է այն, սակայն չի հիշում, թե վիճաբանության ժամանակ Հ. Գրիգորյանի վրա ինքը կրակել է, թե ոչ: