04/04/2015 12:48
Մանկապարտեզներին փչացած հավի միս մատակարարելու գործը դատարանում է
Մանկապարտեզներին փչացած հավի մսի մատակարարման գործը ընդունվել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի վարույթ: Այս մասին Aysor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:
Ըստ Էդվարդ Մխիթարյանին առաջադրված մեղադրանքի՝ նա հաղթելով Երևանի քազաքապետարանի կողմից հայտարարված «Մանկապարտեզների հավի միս մատակարարելու» մրցույթում, 2014թ. հուլիսի 10-ին կնքված մատակարարման պայմանագրի հիման վրա, Երևանի Դուշամբեի 11/8 հասցեում կազմակերպել և իրականացրել է հավի մսի մշակման և փաթեթավորման գործունեություն, որի ընթացքում օգտագործելով ոչ թարմ, օգտագործման համար ոչ պիտանի հավի միս, այն մշակել է թռչնամսի մշակման ընթացքում անթույլատրելի նյութերով՝ քացախաթթվով և կալիումի պերմանգանատով և այդ մսից 2014թ. մատակարարել է Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116,118 մանկապարտեզներին՝ 98750 դրամ արժողության, այդպիսով մատակարարել է ՀՀ Կառավարության 2006թ.հոկտեմբերի 19-ի «Մսի և մսամթերքի տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1560-Ն որոշման պահանջներին չհամապատասխանող 79 կգ հավի միս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 212 Հոդվածի 2-րդ Մաս 1 Կետի հատկանիշներով:
Խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: