20/04/2015 12:32
Հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար, վերածնունդ. Հիմքերը սրանք են
Ապրիլի 24-ին ընդառաջ շաբաթվա միջոցառումները կմեկնարկեն ապրիլի 22-ին` Ցեղասպանությունների կանխարգելման վերաբերյալ միջազգային համաժողովով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը` ընդգծելով, որ տեղի ունենալիք բոլոր միջոցառումները հիմնված են լինելու Ցեղասպանության 100-րդ տարելիցի համար ընտրված 4 գաղափարների վրա.
«Հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ: Սրանք այն կարևոր կետերն են, որոնք կան մեր բոլոր միջոցառումների հիմքում: Կոնկրետ այս միջազգային համաժողովը շատ կարևոր է առհասարակ ցեղասպանությունների կանխարգելման` միջազգային պայքարի տեսանկյունից»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Վաղը` ապրիլի 21-ին, վերանորոգումից հետո կվերաբացվի Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը: Վիգեն Սարգսյանի խոսքով` այն ամբողջությամբ ձևափոխվել է.
«Բոլորս առիթ կունենանք այս թանգարանով հպարտանալու: Շատ կարևոր է, որ բացի լուսանկարներից ու տեքստերից թանգարանում կան բազմաթիվ իրեր, այլ նյութեր, որոնք ցույց են տալիս այս հանցագործության ողջ խորությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը:
Ապրիլի 23-ին Էջմիածնում տեղի է ունենալու Ցեղասպանության նահատակների Սրբադասման կարգն ու «System of a Down» ռոք խմբի համերգը.
«Պետք է նախազգուշացնեմ, որ այն մարդիկ, ովքեր կմեկնեն Էջմիածին՝ Սրբադասման կարգին մասնակցելու, չեն հասցնի վերադառնալ Երևան և մասնակցել SOAD-ի համերգին, քանի որ չնայած այն բանին, որ համերգի մուտքն անվճար է, սակայն մասնակիցների թիվը լինելու է սահմանափակ: Այնպես որ, նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել համերգին պետք է հրապարակում լինեն բավականին շուտ»,- ասաց Վ. Սարգսյանը:
Անդրադառնալով ապրիլի 24-ի միջոցառումներին` բանախոսը նշեց, որ մինչև ժամը 13:00-ն Ծիծեռնակաբերդի մուտքը բաց է լինելու միայն պաշտոնական պատվիրակությունների համար: Քաղաքացիները համալիր կարող են այցելել միայն այդ ժամից հետո: