22/04/2015 17:07
Հ. Սասունյան. Մենք հզոր պետություն չենք, պետք է դիմենք միջազգային դատարան
«Թուրքիան հզոր պետություն է և ճնշումների ազդեցությամբ չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Թուրքիան կանի այն, ինչ բխում է իր շահերից»,- այսօր «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» միջազգային ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը:
Վերլուծաբանի համոզմամբ, եթե այսօր ամբողջ աշխարհն անգամ ճանաչի Հայոց ցեղասպանությունը, Թուրքիան այնուամենայնիվ չի գնա այդպիսի քայլի:
«Թուրքիան չի ասի, որ եղել է ցեղասպանություն, բայց մենք պետք է շարունակենք մեր պայքարը դատարաններում, ցույցերով, գրքերով, ֆիլմերով, այն ամենով, ինչով կարող ենք: Անշուշտ, հզոր պետություն չենք, հզոր բանակ չունենք, այլապես թուրքերը կվախենային ու նույն օրը կճանաչեին, կհատուցեին, սակայն թուրքերը հզոր են, իսկ հայերը՝ թույլ: Աշխարհում արդարությունը, ճշմարտությունն արժեք չունի, եթե թույլ բանակ ունես, իսկ եթե հզոր բանակ ունես, արդարությունը, ճշմարտությունը քո կողքին են»,- հավելեց վերլուծաբանը:
Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության մասին արդեն լսվել է աշխարհով մեկ, Հայաստանն արդեն երկար տարիներ վատնել է՝ ճանաչում հետապնդելով, բայց հիմա հասունացել է ռեալ գործողությունների ժամանակը. «Ով ուզում էր ճանաչել, արդեն արել է, ով չի ուզում՝ չի ճանաչի: Մենք հզոր պետություն չենք, որ ստիպենք մեր բանակներով ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Մենք պետք է դիմենք միջազգային դատարան»:
Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի վերջին հայտարարությանը՝ նա տեսակետ հայտնեց, որ դա թուրքական քաղաքական լկտի պահվածքի հերթական դրսևորումներից մեկն է.
«Թուրքական քաղաքականության լկտի խաղերն են, որով փորձում են խաբել արտաքին աշխարհին: Ցավ են հայտնում թե՛ թուրքերին, թե՛ հայերին, ովքեր մահացել են Առաջին աշխարհամարտի ժամանակ: Իրենք իրենց մեղքով են մահացել՝ դուրս գալով հզոր պետությունների դեմ, իսկ մենք պատերազմի զոհեր չենք, ցեղասպանության անմեղ զոհեր ենք»,- ասաց նա՝ ընդգծելով, որ արտաքին աշխարհը շատ դեպքերում հավատում է թուրքական ստին, ինչն ի դեպ, ըստ նրա, ակնհայտ է:
Հ. Սասունյանի խոսքով՝ Թուրքիան, նախաձեռնելով Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները, դա արել է նպատակաուղղված, որով փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը:
«Կեղծելով օրը՝ Թուրքիան նպատակ ուներ խանգարել ապրիլի 24-ին նախատեսված միջոցառումները»,- ասաց նա: