22/04/2015 17:30
Ռ. Հովհաննիսյան. Գերտերություններն այսօր նեղվում են, որ ստիպված են սուտը ծածկել
Ապրիլի 24-ից հետո ևս Հայաստանը պետք է իր պայքարը շարունակի: Հայաստանն իրականում ունի ռազմավարության խնդիր, որը պետք է հստակեցնի: Նման կարծիք հայտնեց պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը:
«Հայաստան պետությունը պետք է մտածի այս հարցի շուրջ և մշակի հատուկ ռազմավարություն: Աշխարհասփյուռ հայությունը ևս պետք է համախմբվի ու կազմակերպվի: Միայն պետությամբ չէ, որ հարց է լուծվում: Այս աշխատանքը պետք է շարունակվի, որպեսզի կարողանանք հասնել հարցի ամբողջական լուծմանը: Այս տարվա ապրիլի 24-ը կարևոր թվական է բոլորիս համար, իսկ 100-ամյա տարելիցը՝ նշանակալից, որը պետք է նոր փուլի սկիզբ դառնա: 100-ամյակով չէ, որ պետք է սահմանափակվենք: 100-ամյակը հայությանն ամրապնդլու համար է, որպեսզի այդ պայքարը շարունակվի»,-այսօր «Ընդդեմ ցեղասպանություն հանցագործության» միջազգային գլոբալ ֆորումի ընթացքում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց նա:
Ռ. Հովհաննիսյանի համոզմամբ՝ Հայաստանը հեշտությամբ չի կարող հասնել արդյունքի: Նրա խոսքով՝ ցանկացած արդյունք իր գինն ու արժեքն ունի:
«Այս տարիների ընթացքում սահմանափակ ռեսուրսներով ու կարողություններով, թիմային աշխատանքի շնորհիվ կարողացել ենք ինչ-որ բանի հասնել, սակայն այդ պայքարն ավելի ուժգին պետք է շարունակվի: Մենք գիտենք, թե որն է մեր առավելագույնը, և որը՝ նվազագույնը, ուստի Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի, որպեսզի այս հարցում հաղթանակած դուրս գա»,- ասաց նա:
Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ի՞նչը կստիպի Թուրքիային ճանաչել ու ընդունել սեփական մեղքը, պատմաբանը պատասխանեց, որ իրականում ոչինչ էլ չի ստիպի:
Նրա խոսքով՝ Թուրքիան դա չի անի, եթե ինքը նման ցանկություն չունենա: «Նախ պետք է փոխվի հասարակությունը, իսկ մենք պետք է թև տանք հատկապես այն թուրքերին, ովքեր ընդունել ու ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, և որոնք այսօր ներքին պատերազմի մեջ են գտնվում թուրքական իշխանությունների հետ: Պետք է նրանց օգնել, որպեսզի նրանք գտնեն ճշմարտությունը և տարածեն այն: Ներքին թուրքը պետք է ուժեղանա, որպեսզի մենք էլ մեր հերթին ուժեղանանք և կարողանանք թուրքական իշխանություններին թափ տալ: Միևնույն ժամանակ գերտերություններն էլ իրենց հերթին պետք է խորհուրդ տան Թուրքիային, որպեսզի նա ընդունի ու ճանաչի սեփական անցյալը: Թուրքիան պետք է վերջապես հասկանա, որ եղել է սխալ, իսկ Ցեղասպանության ճանաչումը բխում է միայն ու միայն Թուրքիայի շահերից»,- հավելեց նա:
Պատմաբանի խոսքով՝ թեև այսօր գերտերությունները չեն նպաստում, որպեսզի Թուրքիան ընդունի ու ճանաչի Հայոց ցեղասպանությունը, բայց բոլորն էլ գիտեն, թե որն է ճշմարտությունը: «Գերտերություններն այսօր նեղվում են, որ ստիպված են սուտը ծածկել»,- եզրափակեց նա: