23/04/2015 13:57
Բունդեսթագի անդամ. Զայրանում ենք, որ թուրքական խորհրդարանի ճանաչումը դեռ չկա
Ինձ համար մեծ պատիվ է հայերի հետ հիշել Հայոց ցեղասպանության զոհերին ու փոխանցել Բունդեսթագի նախագահի և անդամների ողջույնները: Այս մասին այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց Բունդեսթագի անդամ Ալբերտ Վայլերը.
«Մենք տխրում և զայրանում ենք, որ թուրքական խորհրդարանի ճանաչումը դեռ չկա, չկա նաև բաց քննադատական անդրադարձ անցյալին»,- ասաց Բունդեսթագի անդամն՝ ընդգծելով, ոչ ոք երբեք չի մոռանա այս ոճրագործությունը:
«Մենք՝ գերմանացիներս, 20-րդ դարում մեծ մեղք վերցրեցինք մեզ վրա՝ Հոլոքոստը: Այսօր բավարար պատճառներ կան մեզ հավերժ ատելու: Բայց մենք, միաժամանակ, բախտ ունեցանք տեսնելու, որ մեզ ներում են, մեզ հետ հաշտվում են: Դրա պատճառն այն էր, որ մենք քննադատաբար ենք մոտենում մեր անցյալին»,- ասաց Բունդեսթագի անդամը:
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն թուրք մտավորականներին, ովքեր այսօր գիտակցում ու ընդունում են տեղի ունեցածը: