30/04/2015 17:17
Վերցնե՞լ, թե՞ չվերցնել վարկ. Вот в чем вопрос
Ազգային Ժողոցը շարունակում է քննարկել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում համագործակցության մասին համաձայնագրի վավերացման հարցը, որով հայկական կողմը պետք է մինչև 270 միլիոն դոլար վարկ վերցնի գումարած 30 մլն դոլար էլ դրամաշնորհ ստանա: Բացի այն, որ պատգամավորներին անհանգստացնում է խոշոր վարկ վերցնելու հանգամանքը, ինչը նաև կբերի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, նրանց նաև անհանգստացնում է, որ որևէ երաշխիք, կարծես թե, չի տրվում, որ աշխատանքները, որոնց համար նման խոշոր վարկ է վերցվում, հաջողությամբ կպսակվեն:
Այս պատճառով ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը իր ելույթում կարևորեց Կառավարության կողմից պատասխանատվություն ստանձնելու հանգամանքը:
«Եթե մենք չգիտենք, թե ինչ ծավալի աշխատանքի մասին է խոսքը և 300 մլն դոլարի վարկային գիծ ենք վերցնում, այդ դեպքում առաջարկ՝ հայտարարեք Կառավարության պարտավորության, պատասխանատվության մասին, որ առաջին փուլի ավարտից անմիջապես հետո ներկայացնելու եք հաշվետվություն ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ և կազմակերպված կամ կատարվելիք աշխատանքների մասին ծրագրային փաթեթ»,- առաջարկեց նա: Պատգամավորի խոսքով՝ դա հնարավորություն կտա նաև խորհրդարանին ընթացիկ վերահսկողություն իրականացնելու այս վարկային միջոցների արդյունավետ օգտագործման համար:
ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ հայտարարեց, որ իր համար կարևոր է հասկանալ, թե ինչպես ենք ծախսելու այդ վարկը, որը բերելու է սակագնի բարձրացման:
«Ես մտահոգվում եմ, քանի որ մեր սերունդների վրա շատ վարկ ենք թողել. սա առաջին վարկը չէ և վերջին վարկը չի լինելու: Ես վստահ եմ, որ էլի վարկեր կան, քննարկելու ենք շարունակական»,- հայտարարեց պատգամավորը: Հայտնելով ՕԵԿ խմբակցության տեսակետն էլ ասաց, որ ՕԵԿ-ը կողմ է ատոմակայանին աջակցելուն, քանի որ ատոմակայանի անվտանգ և բնականոն աշխատանքը ամեն ինչ է մեզ համար, բայց հարցերը այդուհանդերձ շատ են: Եվ ամենագլխավորն այն է, որ այդ վարկի հետ հնարավորինս տնտեսող վարվեն ու քիչ ծախսեն:
«Այնուամենայնիվ մենք կողմ ենք այս վարկային գծին և հորդորում ենք շատ սրտացավ ծախսել՝ ինչպես ձեր ընտանիքում վերցրած վարկերն եք տնօրինում»,- հավելեց իր ելույթը Հ.Բիշարյանը:
«Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն այս իմաստով առաջարկ ունի. օրենքի ուժով հարկավոր է ամրագրել, որ ցանկացած պայմանագիր քննարկելուց առաջ պետք է ստանալ նախկին վարկային պայմանագրերը և հասկանալ, թե ինչպես են օգտագործվել այդ միջոցները, ովքեր են պատժվել գումարները սխալ օգտագործելու, կառավարելու և հաշվարկելու համար, ու ըստ այդմ էլ որոշել՝ նոր վարկը արժե վերցնել, թե ոչ.
«Բարդ սովորույթ է, բայց այդպես է՝ մենք, կարծես թե, չենք սիրում հաշվել մեր ֆինանսական կարողությունները: Բայց մի պահ պատկերացրեք՝ եթե ցանկացած քաղաքացի նման վարկային պարտավորություն վերցնի իր վրա, ինչպիսի վիճակի մեջ կհայտնվի»,-հայտարարեց Թ.Պողոսյանը: