21/05/2015 13:24
Ռոբերտ Ահարոնյան. Ես պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելու համար բանտ նստել
Մենք պայքարում ենք ոչ թե Եհովայի վկաների դեմ, այլ ազգապահպան գործունեություն ենք ծավալում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Սոցիալիստական շարժման ղեկավար Ռոբերտ Ահարոնյանը:
Նրա խոսքով՝ այժմ իր դեմ քրեական գործ է հարուցվել այն բանի համար, որ նա կանգնել է Եհովայի վկաների ստենդի մոտ՝ խոչընդոտելով վերջիններիս փողոցում քարոզ անել, նա դրա համար նաև տուգանվել է:
«Ես պատրաստ եմ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելու համար բանտ նստել, բացի այդ, Եհովայի վկաների գործունեությանը խոչընդոտելու համար երկու անգամ 30 հազարական դրամով տուգանվել եմ, սակայն տուգանքը չեմ մուծելու, թող ԴԱՀԿ-ը գա և դրա դիմաց սառնարանս բռնագրավի»,- ասաց Ռ. Ահարոնյանը:
Ասուլիսի մյուս բանախոս, Ազգային արժեքների պահպանման ճակատ ՀԿ նախագահ Սևան Աղաջանյանը ևս ասաց, որ Ռ. Ահարոնյանի դեմ քրգործ է հարուցվել այն հիմքով, որ նա և իրենք խոչընդոտել են կրոնական կազմակերպության գործունեությանը, մասնավորապես, կանգնել են Շիրվանզադեի անվան միջնակարգ դպրոցի մոտ տեղադրված ստենդի դիմաց, խունկ վառել՝ թույլ չտալով, որ Եհովայի վկաները փողոցում քարոզ իրականացնեն:
«Ինձ ևս կանչել են ոստիկանություն՝ իբև վկա, բայց չեմ ներկայանալու, թող բերման ենթարկեն»,- ասաց Ս. Աղաջանյանը: