23/05/2015 13:00
Քաղաքագետ. Ադրբեջանը տեսավ` տարածքային ամբողջականությունը չի կարող լինել հակամարտությունների լուծման հիմնական գործոն
Ռիգայում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության 4-րդ գագաթաժողովին Արցախյան հակամարտության հետ կապված այնպիսի զարգացումներ եղան, որ Ադրբեջանը դուրս մնաց քննարկումներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը` մանրամասնելով.
«Ադրբեջանը հերթական անգամ աշխարհին ցույց տվեց իր ագրեսիվ քաղաքականության որոշակի դրվագներ՝ օրինակ ի սկզբանե հրաժարվելով ստորագրել վերջնական հռչակագիրը»:
Քաղաքագետն առանձնացրեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից մի հատված, որն էլ դարձավ Ադրբեջանի նման ագրեսիվ պահվածքի պատճառներից մեկը.
«Սերժ Սարգսյանն իր ելույթում ասաց հետևյալը` «այո ՛, տարածքային ամբողջականությունը 21-րդ դարում պետք է հարգվի պետությունների կողմից, սակայն երբ այդ ամբողջականությունը դառնում է տվյալ հասարակության մի մասի ճակատագրի խեղման, նրա համար զարգացման ցանկացած հեռանկարի վախճան, որևէ մեկը չի կարող ստորադասել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը»: Այսինքն` տարածքային ամբողջականությունը, եթե օգտագործվում է ազգերի ինքնորոշման դեմ, չի կարող պարտադիր սկզբունք լինել»,- բացատրեց քաղաքագետն` ընդգծելով, որ այստեղ Ադրբեջանը տարածքային ամբողջականության սկզբունքի ստորադասման վտանգ է տեսել:
«Նրանք ականատես եղան, որ ԵՄ քննարկումների տրամաբանությունը տանում է նրան, որ տարածքային ամբողջականությանը չի կարող լինել այն հիմնական գործոնը, որի հիման վրա պետք է լուծվեն հակամարտությունները, պարտադրվում են նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը»,- ամփոփեց Հրանտ-Մելիք Շահնազարյանը: