23/05/2015 15:23
Շիրինյան. Ուղղակի ուզում են թանկ գնով վաճառել բուհերի շենքերը և վերջ
Բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելն ազգակործան գաղափար է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայկական պետական մանկավարժական համալսարանի քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում պետականության սաբոտաժի քաղաքականություն է տարվում:
«Ինչպե՞ս եք պատկերացնում Երևանն առանց ակադեմիական կրթության, ուզում եմ հարցնել Գյումրիի իշխանություններին՝ պատրա՞ստ եք արդյոք հանրապետության երիտասարդության ու դասախոսական կազմի համար ակադեմիական կրթական մթնոլորտ ապահովել, բնակարաննե՞ր կառուցել, իհարկե` ոչ: Սկզբի համար բարի եղեք խեղճուկրակ մարդկանց «դոմիկներից» հանել: Կարծում եմ՝ այս գաղափարը ի սկզբանե անհաջողության է դատապարտված»,- ասաց Լ. Շիրինյանը:
Նրա խոսքով՝ մեր տարածաշրջանում բիզնեսը, մասնավորապես, տուրիզմի, ամենևին էլ հեռանկարային չէ:
«Հայաստանը ավելի շատ պետք է ռազմական ծախսեր կատարի: Այսկերպ՝ ուղղակի ուզում են թանկ գնով վաճառել բուհերի շենքերը և վերջ»,- ասաց նա: