15/06/2015 18:24
ՓՊ նախագահի տեղակալ. Անձին ազատությունից զրկելով, չի բացառվում, որ նա ազատվելուց հետո կրկնահանցագործության կդիմի
Պրոբացիոն ծառայությունը պետք է դիտարկել ոչ թե որպես ուժային, այլ՝ հումանիտար կառույց: Այս մասին այսօր ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում «Աջակցություն Հայաստանում պրոբացիոն ծառայության ստեղծմանը» ծրագրի վերաբերյալ ուսանողների համար անցկացվող սեմինարի ընթացքում ասաց ՀՀ փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ ծառայությունը, թեև, գործելու է ՀՀ արդարադատության նախարարությունում, սակայն որպես առանձին կառույց, որի անհրաժեշտությունը Հայաստանում առկա է:
«Անձին ազատությունից զրկելով, չի բացառվում, որ նա ազատվելուց հետո կրկնահանցագործության կդիմի, իսկ միջին ծանրություն հանցագործություն կատարած անձին ուղարկելով ազատազրկման վայր, որտեղ մի քանի տարի կարող է շփվել ավելի ծանր հանցաք կատարած անձանց հետ, չի բացառվում, որ ազատվելուց հետո նորից չկատարի հանցագործություն: Սա պետք է բացառել, որի համար էլ Եվրոպան կիրառում է պրոբացիան, երբ հանցագործն իր պատիժը կրում է հասարակությունում: Այդ միջոցով հնարավոր է վերականգնել հարաբերությունները տուժողի հետ, ընտանիքից ու աշխատանքից չկտրել, ինչպես նաև փոխհատուցել պատճառված վնասը: Այսօրվա գործող համակարգում հանցագործություն կատարած անձը որևէ շահագրգռվածություն չի ունենում փոխհատուցել վնասը»,- ասաց նա:
Անդրադառնալով ծառայության հետևանքով առաջացած ռիսկերին, նա ասաց, որ պրոբացիայի հետևանքով կարող է ավելանալ հանցագործությունների քանակը, քանի որ շատ իրավախախտների համար այն կարող է դիտվել որպես անպատժելիության միջոց և որոշակի ժամանակ է պետք, որպեսզի պրոբացիոն ծառայությունը դիտվի որպես պատժատեսակ:
Ա. Հովհաննիսյանը նաև նշեց, որ ծառայության կայացման համար անհրաժեշտ է սերտ համագործակցություն հաստատել վարույթ իրականացնող մարմինների և դատարանների միջև: