22/06/2015 11:24
Օծվել է Առատաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին
Էջմիածնի շրջանի, Քասախ գետի աջափնյակում գտնվող Առատաշեն համայնքը այս օրվան երկար էր սպասել: Դեռ 2012թ.-ից սկսված եկեղեցու շինարարության աշխատանքներն արդեն ավարտին են հասել: Արմավիրի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ օծվեցին նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցու գմբեթի խաչն ու զանգերը` որպես նախընթաց երկու օր հետո կայանալիք եկեղեցու հիմնական օծման արարողության: Այս մասին հայտնում են Արմավիրի թեմի առաջնորդարանից:
Եեկեղեցու բացման և օծման արարողությունը տեղի ունեցավ ձեռամբ Արմավիրի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Սիոն եպիսկոպոս Ադամյանի, մասնակցությամբ Հայոց Բանակի հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի և Արմավիրի թեմի հոգևոր դասի:
Հանդիսավոր օծման սուրբ արարողությանը ներկա էին Արմավիրի մարզպետ տիար Աշոտ Ղահրամանյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, բազմաթիվ հյուրեր Հայաստանի այլ մարզերից և անգամ արտերկրից, բազմաթիվ հավատացյալներ Առատաշեն համայնքից` իրենց համայնքապետի գլխավորությամբ: Առաջնորդ Սրբազան հայրը կարդաց ազգիս Վեհափառ Հայրապետի սրբատառ կոնդակը, որով նորաօծ եկեղեցու բարերարը պարգևատրվեց «Սուրբ Ներսես Շնորհալի» շքանշանով:
Եկեղեցու բարերարն է համայնքի բնակիչ տիար Արամ Պողոսյանը, ով ՊՆ պահեստային գնդապետ է և Արցախյան ազատամարտի մասնակից: Եկեղեցին բազիլիկ կառույց է, որի ճարտարապետն է Սամվել Հակոբյանը: Ճարտարապետի օգնականն է համայնքի բնակիչ Վարդան Պողոսյանը, իսկ քանդակագործ վարպետը Աշոտ Ներսիսյանն է, ովքեր բոլոր աշխատանքները կատարել են մեծ նվիրումով և սիրահոժար կերպով, այդ կերպ իրենց ներդրումն ունենալով եկեղեցու կառուցման գործին: Բարեկարգվել է նաև եկեղեցու հարակից տարածքը, որին իրենց մասնակցությունն են ունեցել հավատավոր զավակներ և′ համայնքում, և′ արտերկում ապրող, ինչպես նաև դպրոցի տնօրինությունը և համայնքապետարանը՝ համայնքապետ Վահրամ Հարությունյանի գլխավորությամբ:
Եկեղեցին անվանակոչվել է Սուրբ Մարիամ Աստվածածնի անունով, ի հիշատակ բարերարի մոր և բոլոր մայրերի:
Արարողության վերջում Սրբազան Հայրն իր շնորհավորական օրհնության խոսքն ասաց, որի մեջ հատկապես մաղթեց, որ բարձրացված արդեն Սուրբ Խաչը պահապան լինի Առատաշեն գյուղին: Իսկ երբ զանգերը ղողանջեն` հավատացյալների սրտերը լցվեն ուրախությամբ և հավատքի լույսով և իրենց քայլերն ուղղեն դեպի նորաօծ սուրբ եկեղեցի, որտեղ կբարձրացվի աղոթք առ Աստված մեր հայրենիքի և ժողովրդի բարօրության և հավատքի ամրապնդման համար:
Հավարտ օծման արարողության, արդեն նորաօծ եկեղեցում կայացավ բարերարի որդու և թոռների մկրտության արարողությունը:
Հանդիսավոր արարողությունից հետո բազմահազար ժողովրդի համար տրվեց սիրո ճաշ` մատաղ: