25/06/2015 15:42
Փոխոստիկանապետ. Ճիշտ է, մենք ոստիկաններ ենք, բայց չի նշանակում, որ տարբեր բևեռներում ենք
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Բաղրամյան պողոտայում քիչ առաջ մոտենում էր ցուցարարներին և հարցուփորձ անում` ովքե՞ր են երիտասարդներին սնունդ մատակարարում:
Նշենք, որ ցուցարարները պողոտայի իրենց հատվածում հովանոցի տակ ուտելիքներով սեղան են դրել ցանկացողների համար:
Ակտիվիստները փոխոստիկանապետին պատասխանեցին, որ անհատներ են, ովքեր փորձում են լավ բան անել:
«Հայտնի՞ անհատներ են»,- հարցրեց Վ. Օսիպյանը, ինչին ակցիայի մասնակիցները պատասխանեցին, որ «բոլորն էլ այստեղ հայտնի են»:
Ռուս լրագրողները Վ. Օսիպյանից հարցրեցին՝ ի՞նչ էր փնտրում այստեղ, ինչին փոխոստիկանապետը պատասխանեց, որ ինքը ուղղակի ուզում է հասկանալ՝ ի՞նչ է կատարվում:
Փոխոստիկանապետը ասաց, որ հավաքը խաղաղ բնույթ է կրում և իրենք որևէ գործողություն չեն անի:
Հարցին` հյո՞ւր եք եկել, Վ. Օսիպյանը պատասխանեց, որ «այստեղ հյուրեր չկան, բոլորս միասնական ենք»:
«Ճիշտ է, մենք ոստիկաններ ենք, բայց չի նշանակում, որ տարբեր բևեռներում ենք»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտայում շարունակվում է հունիսի 22-ից սկսված էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ քաղաքացիների բողոքի հավաքը: