26/06/2015 20:44
Գևորգ Սանոյան. Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիներն ինքնաբուխ փակում են փողոցները
Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիաներով իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, Երևանի տարբեր հատվածներում քաղաքացիները փակել են փողոցները, մարդիկ կազմակերպում և իրացնում են իրենց իրավունքները: Այս մասին քիչ առաջ ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Գևորգ Սանոյանը:
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, իսկ ոստիկանությունը նոր ուժեր է բերում Բաղրամյան պողոտա, և կարմիր բերետավորները մի քանի շարքով են կազմել կենդանի պատ: Այսօր, նախորդ 2 օրերի համեմատ, ոստիկաններն ավելի շատ են բարիկադների մոտ:
Գ. Սանոյանը, պատասխանելով հարցին, թե ոստիկանությունը հնարավո՞ր է դիմի կտրուկ գործողությունների, ինչպես քիչ առաջ ասաց Երևաի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ասաց. «Ճիշտն ասած, նման գործողոթյունների մասին որևէ հայտարարություն չի եղել ոստիկանության կողմից, հուսով եմ, ամեն ինչ օրենքի տառին համապատասխան կլինի և գործողություններ սկսելուց առաջ կհայտարարեն: Որևէ տեղեկություն չի եղել, բացի այն, որ Վ. Օսիպյանի զգուշացումը, որ խոստացել էին ուժ կիրառել, եթե Մաշտոցի պողոտան փակվի»:
Գ. Սանոյանի խոսքով՝ քաղաքացիները թիվը Բաղրամյան պողոտայում այսօր ավելի մեծ է, քան՝ նախորդ օրերին:
«Այդ օրերին ակցիան այսքան բազմամարդ չէր, այժմ անընդհատ աճում է նրանց թիվը, բոլոր քաղաքացիները շտապում են այստեղ, որ միանան, այդ պատճառով էլ ոստիկանությունը նոր ուժեր է ավելացնում»,-ասաց նա:
Հարցին, թե սպասո՞ւմ են, որ ՀՀ նախագահն այսօր ՀՀԿ Գերագույն մարմնի նիստի ընթացքում հայտարարություն կանի, նա ասաց, որ նման հույս ունի, որ իշխանությունները ականջալուր կլինեն ժողովրդի արդարացի պահանջին:
Գ. Սանոյանը ասաց, որ էլեկտրաէներգիայի դեմ թանկացման երթեր անցկացվում են նաև Արմավիրում, Մարտիունիում ևս, բայց այնտեղի բնակիչները գալիս են Երևան, Գյումրիում էին բազմամարդ երթեր և ցույցեր, Կապանում և Սիսիանում նույնպես կազմակերպվել էր: «Ամբողջ Հայաստանում բողոքի երթեր են»,-ասաց նա:
Հարցին՝ հնարավո՞ր է, որ իրենց պահանջը փոխվի, նա պատասխանեց, որ այսպես երկար չեն կարող, և ինքը հույս ունի, որ պահանջը հրաժարականի չի հասնի:
«Մեր պահանջները արդար են և քաղաքական պահանջ չենք ունեցել մինչև օրս, հուսով եմ, իշխանությունները նախաձեռնության անդամների պահանջներին ականջալուր կլինեն»,- ասաց նա: