24/07/2015 15:56
Իրանի դեսպան. Հայաստանը Պարսից ծոցը կկապի Սև ծովին
Հայաստանը կարող է դառնալ Պարսից ծոցը Սև ծովին կապող միջանցք: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին:
Դեսպանն ընդգծեց՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը լուրջ ազդեցություն կունենա տարածաշրջանի երկրների վրա.
«Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կկարողանա իր հարաբերությունները թե միջազգային մակարդակում, թե հարևանների հետ ավելի զարգացնել: Իրանի քաղաքականության առաջնահերթ առանցքներից մեկը իր հարևան երկրների հետ համագործակցությունն է: Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, ուստի հարաբերությունները ավելի կզարգանան»,- ասաց նա:
Հարցին, թե ո՞ր ոլորտներն են, որ Իրանի համար հետաքրքրություն են ներկայացնում մեր երկրում, դեսպանն արձագանքեց, որ Հայաստանի և Իրանի միջև բազմաթիվ նախագծեր են ստորագրվել, բայց կյանքի դեռ չեն կոչվել: Բայց, շարունակեց նա, այդ նախագծերի իրականացումը անշուշտ դրական ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության վրա: Բազմաթիվ այդ նախագծերի շարքին են դասվում, օրինակ, Հայաստան-Իրան էլեկտրաէներգիայի փոխանակումը, Մեղրիի ՀԷԿ-ի նախագիծը, Հյուսիս-Հարավ միջանցքին վերաբերող:
«Ես անձամբ այն կարծիքին եմ, որ Հայաստանը կլինի շատ լավ միջանցք՝ Պարսից ծոցը Սև ծովին կապելու առումով: Հնարավոր է այդ ուղու կառուցումը ժամանակի առումով մի քիչ երկար տևի, սակայն հայտնի է, որ կոմունիկացիաները լուրջ ազդեցություն կարող են ունենալ երկրի տնտեսության զարգացման համար»,- նշեց դեսպան Մուհամադ Ռաիսին:
Ինչ վերաբերում է Հայաստան-Իրան երկաթգծին, ապա դեսպանը նշեց, որ նախկինում բանակցություններ տարվել են, ծրագիրը կյանքի կոչելու համար հարկավոր է 3 մլրդ 200 մլն դոլար և այն ներդրողի կարիք ունի: Ու թեև մինչ օրս բազմաթիվ քննարկումներ են կազմակերպվել, բայց լուրջ ներդրող դեռ չի հայտնվել:
Դեսպանը հույս հայտնեց, որ Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունները կհասնեն քաղաքական հարաբերությունների մակարդակին: