30/07/2015 14:17
Նաիրիտցիները նստացույց են անում. Որոշեցին գումարներին սպասել հենց կառավարության շենքի դիմաց
Այսօր կրկին «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները կառավարության շենքի մոտ էին, մի պահ նրանք փակեցին Տիգրան Մեծ պողոտան: Իմանալով հանդերձ, որ ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը կառավարության նիստի ժամանակ հայտնել էր, որ այսօր-վաղը նաիրիտցիների ողջ աշխատավարձը կփոխանցվի, այնուամենայնիվ նրանք որոշել են նստացույց անել:
«Նաիրիտի» աշխատակիցները չեն հավատում հայտարարությանը, քանի որ իրենց խոստացել էին աշխատավարձերը մարել մինչև հուլիսի 15-ը, այնուհետև հետաձգվեց մինչև հուլիսի վերջ, վաղն արդեն հուլիսի 31-ն է:
«Վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող իրադարձություններն ապացուցում են, որ նրանց կողմից նշված որևէ ժամկետ չի պահպանվում»,- ասաց «Նաիրիտի» արդեն նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը՝ հավելելով, որ որոշել են իրենց գումարներին սպասել հենց կառավարության շենքի դիմաց:
«Այս պահին 700 մարդ ստացել է աշխատավարձ, իսկ 1700-ը դեռ չի ստացել»,- ասաց նա: