21/08/2015 15:41
Gallup. Քաղաքացիների 95%-ը դրական է գնահատում Բաղրամյան պողոտայի շարժումը
Հայաստանում Gallup-ի կողմից անցկացվել է հարցում՝ պարզելու, թե ինչպես է հայ հասարակությունը վերաբերում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ Բաղրամյան պողոտայում անցկացված բողոքի ակցիաներին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Gallup-ի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Արամ Նավասարդյանը ներկայացրեց դրա արդյունքները:
Հարցվողների 95%-ը հավանություն է տվել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցածին՝ նրանց 73%-ը հրապարակ դուրս գալու ու պողոտան փակելու քայլը գնահատել է միանշանակ դրական, 22%-ը՝ ավելի շուտ դրական:
Բաղրամյանի բողոքի ակցիաները ավելի շուտ բացասական կամ միանշանակ բացասական է գնահատել միայն 2%-ը: Եվս 1%-ը դժվարացել է որևէ գնահատական տալ:
Ինչ վերաբերում է Բաղրամյանի իրադարձությունների ուղղվածությանը, ապա հարցվածների 90% այս շարժումը համարում է հասարակ քաղաքացիների ինքնակազմակերպման արդյունք, միայն 2 %-ն է համարում ցույցերը դրսի ուժերի գործունեության հետևանք:
Նշենք, որ հարցումն անցկացվել է հուլիսի 6-ից 13-ը՝ Երևանում ու շրջաններում` 1106 մարդու շրջանում: