24/08/2015 14:20
Արամ Մանուկյանին հարվածելու գործով մեղադրյալի վերաքննիչ բողոքը մերժվել է
ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ մերժել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթև մարմնական վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանի բողոքը։
Դատաքննության ավարտից հետո դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ:
Քիչ անց դատարանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակել է մերժման որոշում:
Հիշեցնենք, որ ըստ 41-ամյա Արշակ Սվազյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 11.12.2014թ. ժամը 20:00-ի սահմաններում Երևան քաղաքի Սոսեի փողոցի շքամուտքում բռունցքով հարվածել է Արամ Մանուկյանի դեմքին՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 Հոդվածի հատկանիշներով:
ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի առողջությանը դիտավորությամբ թեթև վնաս պատճառելու մեջ մեղադրվող Արշակ Սվազյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով և դատապարտվել 1 ամիս ժամկետով կալանքի, որը նա պետք է կրի արգելանքի վերցնելու օրվանից: