25/08/2015 10:59
Ք. Գրաբենվարտեր. Եթե ընտրությունները արդար են, ապա էական չէ ընտրակարգը
«Աշխարհում ունենք բազմաթիվ ընտրական համակարգեր, յուրաքանչյուր երկիր փորձել է օգտագործել այս կամ այն հմակարգը` մեծամասնական, համամասնական և այլն, և նպատակը հետևյալն է` ապահովել խորհրդարանի այնպիսի կազմ, որը արտահայտում է ժողովրդի կամքը: Այնպես որ, եթե ընտրությունները արդար են, ապա էական չէ ընտրակարգը»,- ԵՊՀ-ում ընթացող քննարկման ժամանակ այս մասին հայտարարեց Վենետիկի հանձնաժողովի ավստրիացի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը` արձագանքելով ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանի որոշ դիտարկումներին, այդ թվում և ընտրակարգի փոփոխության վերաբերյալ:
Հիշեցնենք, այս պահին ԵՊՀում ընթանում է ԱԺ խմբակցությունների և արտախորհրդարանական ուժերի ու Վենետիկի հանձնաժողովի անդամների հանդիպումը` նվիրված Սահմանադրության փոփոխված նախագծին:
Եվրոպացի պաշտոնյան ասաց, որ նոր Սահմանադրության նախագիծը ուշադրություն է դարձրել համամասնական ընտրակարգին.
«Մենք երեկ էլ անդրադարձ ենք արել որոշ պարբերությունների, որոնք խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլի հնարավորություն են ստեղծում և հանգել ենք եզրակացության, որ Սահմանադրությամբ այդ նորմերը չեն արտահայտվում: Հասկանում եմ, որ դա լուրջ խնդիր է, բայց դուք քաղաքական գործիչներ եք և իմ երկրում էլ քաղաքական գործիչներն ու կուսակցությունները, որ ներկայացված չեն խորհրդարանում, այդպես են ասում` ընտրական համակարգը լավը չէ: Դա սովորական երևույթ է: Ընտրությունները առաջին հերթին պետք է լինեն ժողովրդավարական, ազատ` դա է հիմնական խնդիրը»,- շեշտեց նա:
Պարոն Գրաբերվարտերը նաև նշեց, որ նախագիծը զուրկ չի մնացել եվրոպական չափանիշներից, իսկ երկրորդ գլուխը նախագծի ունի բավականին ժամանակակից միտումներ ու համապատասխանում է եվրոպական ժամանակակից չափանիշներին: