02/10/2015 09:11
Նոր սկանդալ՝ ՀԷՑ-ում
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի «Հայկական ժամանակի» աղբյուրները հայտնում են, որ ներկայումս ուսումնասիրվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բարձրաստիճան պաշտոնյաների իրականացրած կոպիտ չարաշահումների վերաբերյալ մի դեպք։
Խոսքը ՀԷՑ իրացման գծով տնօրեն Աշոտ Թոխունցի տեղակալ, էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման դեպարտամենտի պետ Արսեն Գաբրիելյանի չարաշահումների և խախտումների մասին է։ Ստուգող մարմինները պարզել են, որ Տավուշի մարզի Ծաղկավան գյուղում, Հախում գետի վրա գործող «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը արտադրել է քիչ էլեկտրաէներգիա, բայց ՀԷՑ-ից ստացել է ավելի շատ գումար։
ՀԷԿ-ի արտադրած իքս ծավալի էլեկտրաէներգիան ՀԷՑ-ի վրա վաճառվել է դրա մոտ 1,5 անգամ շատ ծավալի տեղ արդյունքում մոտ 95 միլիոն դրամ գումար ստացել չարտադրված էլեկտրաէներգիայի համար։ Տեղեկություններ կան, որ դա արվել է ՓՀԷԿ-ի արտադրությունը չափող հաշվիչներում ծրագրային կեղծումներ կատարելով։ «Սիրարփի» փոքր ՀԷԿ-ը պատկանում է ՀԷՑ էլեկտրաէներգիայի հաշվառման և հսկման դեպարտամենտի պետ Արսեն Գաբրիելյանին։