10/10/2015 12:25
Նախագահն «Այբ» դպրոցում մասնակցեց տարածաշրջանում առաջին ֆաբլաբերի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր «Այբ» կրթական ավանում մասնակցեց Հայաստանում առաջին արհեստանոց-լաբորատորիաների՝ ֆաբլաբերի բացման և «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքի արարողություններին:
Հատուկ սարքավորումներով և անհրաժեշտ նյութերով հագեցած առաջին ֆաբլաբերը, պատասխանատուների ներկայացմամբ, հնարավորություն կտան խթանելու ինչպես «Այբ» դպրոցի և Դիլիջանի կենտրոնական դպրոցի շրջանակներում արտադրական ձևանմուշների ստեղծման գիտահետազոտական աշխատանքները ռոբոտաշինության, ֆիզիկայի, տեխնոլոգիայի, մեքենաշինության և այլ ոլորտներում, այնպես էլ հետազոտությունների նոր հարթակ կստեղծեն հայ երիտասարդ գիտնականների համար:
«Բացված այս ֆաբլաբերն առաջինն են տարածաշրջանում»,- այս մասին «Այբ»-ում լրագրողների հետ զրույցում ասաց դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը:
«Այստեղ երեխաներն, ովքեր հետաքրքրված են ռոբոտիկայով, ինժեներիայով կարող են իրականացնել իրենց մտահղացումները: Ֆաբլաբերը բաց են ոչ միայն երեխաների, այլև՝ ինժեներների, ստեղծագործողների համար, որովհետև դրանք բավականին պրոֆեսիոնալ միջավայր են ապահովում»,- ասաց Տեր Մեսրոպը:
Այցելության ընթացքում հանրապետության Նախագահը ծանոթացավ կրթությունը կիրառական դարձնող և ամբողջ աշխարհում լայն տարածում ստացած նորարարական լաբորատորիաների ներդրման հայաստանյան ծրագրին, որը կյանքի է կոչվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետ դեռևս 2013 թվականին «Այբ» կրթական հիմնադրամի համագործակցության շնորհիվ և ՀՀ Կենտրոնական բանկի ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության աջակցությամբ:
«Եվս մի ծրագիր կրթության ոլորտում, որ ապացուցում է՝ մենք ունենք ու ձգտում ենք ունենալ ավելի լավ, ավելի ամուր, ավելի հզոր ու զարգացած ապագա»,- իր ելույթում ասաց ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը՝ ընդգծելով.
«Նման ապագա ունենալու ամենալավ ձևն, իհարկե, մեր երիտասարդների մեջ ներդումներ կատարելն է՝ օժանդակելով, ոգեշնչելով իրենց, որ իրենք կարողանան կենտրոնանալ ու ստեղծագործել: Մենք ավելի քան համոզված ենք, որ ճիշտ գործ ենք անում և այսքանով չենք բավարվելու»,- ասաց Ռալֆ Յիրիկյանը:
Ինչ վերաբերում է «Այբ» կրթական հանգույցի բաղադրիչներից մեկը հանդիսացող «Այբ» միջին դպրոցի նոր մասնաշենքի հիմնարկեքին՝ Նախագահին տեղեկացրցին, որ շենքը կբավարարի 5-9-րդ դասարանցի 180 աշակերտների ուսումնառության պահանջները: Այն քառահարկ է՝ 4200 քմ ընդհանուր մակերեսով, ունի բազմաթիվ լաբորատորիաներ ու արհեստանոցներ, արվեստի ու արհեստի ստուդիաներ, մարզասրահ, դահլիճ-ամֆիթատրոն, հանգստի և խաղի գոտիներ: Մասնաշենքի բացումը նախատեսվում է 2016 թվականի սեպտեմբերին:
Նշենք, որ միջոցառման ընթացքում դպրոցի բակում ցուցադրվել են ռոբոտիկայով զբաղվող աշակերտների աշխատանքները: Ներկայացվել են ական փնտրող, հրշեջ և այլ ռոբոտներ, որոնք հետագայում կարող են իրենց կիրառությունը գտնել ինչպես զինված ուժերում, այնպես էլ՝ կենցաղում: