24/11/2015 17:17
Պետդումայում Պուտինին կոչ են անում խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ
ՌԴ պետդումայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ են անում խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ՝ Սիրիայում ռուսական Սու-24 կործանիչի խոցումից հետո: Ինչպես հաղորդում է ռուսական «Իզվեստիա» թերթը, նման առաջարկով երկրի նախագահին են դիմել ՌԴ Կոմունիստական կուսակցությունից պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը:
Դիմումի կրկնօրինակն ուղարկվել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին: Նախկինում ևս պատգամավորները հանդես էին եկել նման առաջարկով: Նրանք նախագահին առաջարկել էին ահաբեկչությունների սպառնալիքի պատճառով խզել ավիահաղորդակցությունը:
«Թուրքիայի ագրեսիան հերթական անգամ հաստատում է Թուրքիայի Հանրապետության անսահման աջակցությունը միջազգային ահաբեկչությանը, մասնավորապես՝ Ռուսաստանում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը»,-ասված է Պուտինին ուղղված նամակում, որով ՌԴ նախագահին խնդրում են Թուրքիայից հետ կանչել ՌԴ դեսպանին՝ մինչև իրավիճակի պարզաբանումը, իջեցնել դիվանագիտական հարաբերությունների մակարդակն ու բարձրացնել Թուրքիային պատասխանատվության ենթարկելու հարցը՝ ահաբեկչությանն աջակցելու համար։
«Այդ ընգծված վարքագծի դրսոևորումներից մեկն էլ այն է, որ Թուրքիայի արտգործնախարարությունը նախկինում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշում էր, որ յոթ պետություններն անհանգստացած են Ռուսաստանի կողմից Սիրիայում իրականացվող հակաահաբեկչական գործողություններից»,- մեջբերվում է նամակից:
Պատգամավորները համոզված են, որ Թուրքիայի նման պահվածքը համապատասխան պատասխան գործողություններ է պահանջում:
«Այս առումով, մենք խնդրում ենք ձեզ զանգահարել Թուրքիայի Հանրապետության դեսպանին և հստակեցնել իրավիճակը, միևնույն ժամանակ վերանայել նաև դիվանագիտական հարաբերությունները, ընդհուպ մինչև դրանց խզում և Թուրքիայից պահանջել պատասխանատվություն՝ Ռուսաստանի և Սիրիայի դեմ նման ագրեսիվ պահվածք ցուցաբերելու համար: Խնդրում ենք նաև հարցը քննարկել Ռուսաստանի անվտանգության խորհրդում և Թուրքիային ճանաչել ահաբեկչությանը հանցակից մի երկիր: Անհրաժեշտ է իրականցնել մի շարք միջոցառումներ ԻՊ-ին աջակցություն ցուցաբերող Թուրքիային զսպելու համար»,- ասված է նամակում:
Հիշեցնենք, որ այսօր թուրք-սիրիական սահմանի սիրիական կողմում կործանվել է ռուսական Սու-24 կործանիչը: Թուրքական կողմի պնդմամբ՝ ինքնաթիռն իրենք են խոցել, քանի որ այն հատել էր Թուրքիայի օդային տարածքը: Ինքնանետված օդաչուների ճակատագիրն անհայտ է։