26/01/2016 13:50
Թեժ քննարկում. Զեկուցողներին մեղադրում են պրոադրբեջանական կողմնորոշման համար
«Մենք պետք է կողմ քվեարկենք այդ երկու զեկույցներին, պետք է դա անենք»,- ԵԽԽՎ-ում ընթացող հակահայ զեկույցների քննարկման ժամանակ հայտարարեց ԱԼԴՈ խմբի ղեկավար պատվիրակ Խուկլան: Նա հորդորեց «միասնական» լինել այդ հարցում:
Եվրոպայի միացյալ ձախերի անունից ելույթով հանդես եկած պատվիրակն էլ կոչ արեց չքվեարկել Ռոբերտ Ուոլթերի չհավասարակշռված ու ակնհայտ միակողմանի զեկույցի օգտին, որը գրված է հօգուտ Ադրբեջանի շահերի և նսեմացնում է Հայաստանի շահերը:
«ԵԽԽՎ-ն պետք է նպաստի կողմերի միջև երկխոսությանը: Պարոն Ուոլթերը այցելել է միայն Ադրբեջան, նա չի եղել Հայաստանում և Լեռնայն Ղարաբաղում, այսինքն զեկույցը միակողմանի է ու ոչ հավասարակշռված: ԵԱՀԿ Մինսկի խումբը միակն է, որ ունի մանդատ զբաղվելու այս հակամարտությամբ: Եթե Վեհաժողովն ընդունի այս զեկույցը, ապա նա կնպաստի լարվածության ավելացմանն ու սահմանին իրավիճակի թեժացմանը»,- ասաց նա՝ առաջարկելով վերադարձնել զեկույցը, նոր զեկուցող նշանակել, որը կապահովի նոր մշակվելիք փաստաթղթի հավասարակշռությունն ու անկողմնակալությունը:
Սոցիալիստները ևս հորդորեցին վերադարձնել զեկույցը և դեմ քվեարկել դրան: Նաև աջակցել Մինսկի խմբի գործունեությանը.
«Մենք պետք է ապահովենք օբյեկտիվ զեկույցի քննարկում և եթե հանձնաժողովը դրա կարիքը տեսնում է, ապա պետք է վերադարձնենք այս զեկույցները և դեմ քվեարկենք դրանց»:
Նշենք, որ հատկապես Ֆրանսիայի պատվիրակները շեշտում էին այն հանգամանքը, որ զեկույցները օբյեկտիվ չեն ու պատրաստվել են ակնհայտ Ադրբեջանի շահերը պաշտպանելու միտումով: Ավելին՝ զեկուցողները չեն այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, ինչն ուղղակի անհրաժեշտ էր նման զեկույցներ մշակելիս:
Մասնավորապես, ֆրանսիացի պատվիրակ Ռուդի Սալըսը հայտարարեց, որ ԵԽԽՎ-ն նման զեկույցների քննարկմամբ միջամտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և ավելի թեժացնում առանց այդ էլ լարված հարաբերությունները հակամարտության կողմերի միջև: