04/02/2016 11:11
Շաբոյանը պնդում է, որ Հայաստանում բենզինն ավելի է էժանացել, քան Եվրոպայում
Կառավարության նիստի մեկնարկն ազդարարելուց հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին հանձնարարել էր ուսումնասիրել դիզվառելիք-բենզինի շուկան ու ներկայացնել առկա իրավիճակը:
Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում պատգամավորները բարձրաձայնեցին խնդիրը, որ ամբողջ աշխարհում վառելիքի գները նվազում են, սակայն Հայաստանում բենզինը շարունակում է թանկ մնալ:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի խոսքով՝ վառելիքի իրացման ոլորտը բարձր կենտրոնացվածության շուկա է և մշտապես գտնվում է իրենց ուշադրության կենտրոնում: Եվ հենց այդ ուսումնասիրություններն էլ ցույց են տվել, որ բենզինի գինը անցած տարվա ընթացքում նվազել է` հասնելով 390 դրամի:
«Եթե 2014 թվականից դիտարկենք, ապա բենզինի գինը Հայաստանում 480 դրամից նվազել է 390 դրամի: Բենզինի վաճառքի գները նվազել են 18 տոկոսով: Վաճառքի գների նվազումը ամբողջությամբ ադեկվատ է բենզինի ձեռք բերման գներին»,- ասաց նա:
Քանի որ ԱԺ-ում հնչեցվել էին համեմատական թվեր այլ երկրների վառելիքի շուկայի վերաբերյալ, Ա. Շաբոյանը փորձեց ապացուցել, որ դա այդքան էլ այդպես չէ և Հայաստանում նվազումն ավելի զգալի է եղել, քանի եվրոպական մի շարք երկրներում: Թվերն էլ ներկայացնելիս նա նշեց, որ վիճակագրությունը վերցված է բրիտանական ընկերությունից, հաշվարկներն էլ եվրոյով են.
«2015 թվականին բենզինի գինը Հայաստանում նվազել է 14 տոկոսով, Ֆրանսիայում` 8 տոկոսով, Չեխիայում` 10 տոկոսով, Ռումինիայում` 7 տոկոսով»,- հավաստիացրեց նա:
Բացատրեց նաև, որ քանի որ Հայաստան բենզինը ներկրկվում է հիմնականում ՌԴ-ից, ապա տրանսպորտային բավականին մեծ ծավալի ծախսերի ու հարկերի հետևանքով է գինը զգալի թանկանում:
Ինչ վերաբերում է պատգամավորների այն մեղադրանքներին, որ Հայաստանում վառելիքի շուկան մենաշնորհային է, այդ իսկ պատճառով նման վիճակ է, Արտակ Շաբոյանն ասաց, որ ներկայումս հանրապետություն բենզին ներկրում է հիմնականում երկու ընկերություն` «Ֆլեշն» ու «CPS»-ը: Նաև հավաստիացրեց.
«Այլ ընկերությունների համար բենզին ներկրելու խոչընդոտներ չկան, մրցակցության սահմանափակման խնդիրներ չկա, անհավասար մրցակցային պայմաններ էլ չկան»,- հավելեց նա: