10/05/2016 14:14
Անկարա. Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիան շատ լուրջ կարձագանքի
Գերմանիայի բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կազդի Թուրքիայի եւ Գերմանիայի հարաբերությունների վրա, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Թանջու Բիլգիչը:
Ինչպես նշում է թուրքական «Star» թերթը, Թուրքիայի ԱԳՆ խոսնակն ընդգծել է, որ իրենք հետևում են բանաձևի շուրջ ծավալվող գործընթացին: «Ցեղասպանությունն այն հարցը չէ, որը քաղաքական նպատակներով պետք է շահարկվի: Առանց այդ էլ Թուրքիան այդ հարցը բազմակողմանիորեն ուսումնասիրելու համար պատմության համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկ էր արել», - նշում է թերթը:
Բիլգիչը համոզմունք է հայտնել, որ եթե բանաձեւն ընդունվի, Գերմանիայում բնակվող թուրքերը և Թուրքիան շատ լուրջ կարձագանքեն: «Մենք ակնկալում ենք, որ Գերմանիայի խորհրդարանը կառաջնորդվի ողջամտությամբ և տրամաբանությամբ», - ասել է Բիլգիչը:
Վերը նշված բանաձևը Բունդեսթագ է ներկայացվել անցյալ տարի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության կողմից: Բանաձևի շուրջ վերջին քննարկումը եղել է այս տարվա փետրվարի 25-ին: Հունիսի 2-ին այն կրկին կքննարկվի:
Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ գերմանական բունդեսթագում Ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը ամենայն հավանականությամբ հավանության է արաժանանալու: