20/05/2016 17:49
Հիլարի Քլինթոն. Թրամփի հռետորաբանությունն ԱՄՆ-ի համար չափազանց վտանգավոր է
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը չափազանց վտանգավոր է ԱՄՆ-ի համար: Ինչպես հայտնում է «РИАНовости»-ին, այս մասին հայտարարել է նախագահական քարոզարշավում նրա մրցակից Հիլարի Քլինթոնը՝ CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Թրամփը շատ սադրիչ բաներ է խոսում, որոնք ահաբեկչության դեմ միջազգային կոալիցիայի պայքարը բարդացնում են»,- ասել է Քլինթոնը:
Հաղորդավարը նրան խնդրել է պարզաբանել, թե ինչի մասին է խոսքը: «Օրինակ, երբ նա խոսում է մահմեդականների մուտքը Միացյալ Նահանգներ արգելելու մասին: Դա նրանց չհարգելու նշան է»,- ասել է Քլինթոնը:
Նա հիշեցրել է, որ Թրամփը «հարձակվել է ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակցի՝ Մեծ Բրիտանիայի վրա», հանդես է եկել ընդդեմ ՆԱՏՕ-ի և կողմ է արտահայտվել, որ ավելի շատ երկրներ ունենան միջուկային զենք: