24/05/2016 17:18
Գերմանահայ պատմաբան. Բունդեսթագն այլևս չի խոնհարվի «Անկարայի սուլթանի առջև»
Դատելով վերջին ամիսների գերմանացի պատգամավորներից շատերի հետ անձնական զրույցների ու քննարկումների արդյունքներից, Գերմանիայի օրենսդիրը պատրաստակամ է Հայկական հարցում բարոյականության ու պատասխանատվության հանգամանքը վեր դասել քաղաքական հաշիվներից, Aysor.am-ի հետ զրույցում ասաց Գերմանիայի Հայ Ակադեմիականների Միություն - 1860 կազմակերպության նախագահ, գերմանահայ պատմաբան Ազատ Օրդուխանյանը:
«Գերմանիան ուզում է գնալ արդարության վերականգնման ու իր անցյալի և ներկայի դերի գիտակցման ուղիով», - ասաց պատմաբանը:
Վերջինիս խոսքով՝ հունիսի 2-ին Հայկական հարցում գերմանացի խորհրդարանականները, կարծես, չեն ցանկանալու այլևս խոնհարվել «Անկարայի սուլթանի առջև»: «Բունդեսթագում Հայոց ցեղասպանության հարցի ճանաչման գործում առայժմ ամեն ինչ գտնվում է դրական զարգացման ընթացքում», - ասաց գերմանահայ պատմաբանը:
Անդրադառնալով Թուրքիայի կողմից հարցի շուրջ եղած անհանգստություններին, Օրդուխանյանը ասաց, որ թուրք ժողովուրդը իր ողջ կարողություններով ու հավանական բոլոր միջոցներով գործում է ամեն օր և ժամ:
«Թուրքական ներկա սերունդը քնած չէ, սույն որոշման դեմ ձեռնարկած նրա հակաբունդեսթագյան քայլերը տեսանելի են ամենուր: Գերմանիայում գործող 557 թուրքական համայնքներ ու կազմակերպություններ միասնաբար ստորագրությամբ բողոքագիր են ներկայացրել Բունդեսթագ և խստիվ պահանջել հրաժարվել բանաձևի ընդունումից», - տեղեկացրեց Ազատ Օրդուխանյանը:
Պատմաբանի խոսքով, բանաձևի ընդունումից հետո, կարելի է որոշ թուրքական թատերականացված տեսարանների ականատես լինել: «Ինչպես հաճախ արվում է այսպիսի դեպքերում. կարող են դեսպան կամ հյուպատոսներ ետ կանչվել, կարող են որոշ տնտեսական, ֆինանսական պայմանագրեր շատ կարճ ժամանակով սառեցվել, վայրենի բղավումներով և թշնամական պաստառներով ցույցեր անել Բեռլինում, որոնց կմիանան Եվրոպայի այլ թուրքական համայնքներից ժամանած ավտոբուսներ և այլ բողոքի ակցիաներ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Օրդուխանյանը:
Նման քայլերը, պատմաբանի կարծիքով, կթողնեն միայն ներքին սպառման էֆեկտներ և երկարաժամկետ որևէ շարունակություն չեն կարող ունենալ:
Օրդուխանյանը նկատեց, որ Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը միջազգային ճնշման հզոր գործոն կարող է դառնալ Թուրքիայի համար՝ առերեսվելու իր սեփական պատմության հետ:
Նշենք, որ բանաձևի նախագիծը Բունդեսթագ է ներկայացվել մոտ մեկ տարի առաջ Կանաչների կուսակցության նախագահ, ազգությամբ թուրք Ջեմ Օզդեմիրի նախաձեռնությամբ:
2016թ. հունիսի 2-ին Բունդեսթագի օրակարգային 5-րդ հարցով նախատեսված է 4 էջից բաղկացած այս բանաձևի քննարկումը: Այն ներառում է 101 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության և մյուս քրիստոնյա փոքրամասնությունների ցեղասպանությունների զոհերի հիշատակին և հարգանքին նվիրված կետեր:
«Բանաձեւը նախատեսում է սույն և հարակից հարցերում գիտության զարգացում, գերմանա-հայկական և թուրքական միջմշակութային կապերի ընդլայնում, հարցի երկկողմանի և բազմակողմանի քննարկում և լուսաբանում», - փոխանցեց պատմաբանը, հղում անելով Բունդեսթագի հունիսի 2-ի օրակարգը:
Բանաձևի քննարկումը սկսվելու է Բեռլինի ժամանակով 11.20 րոպեին և տևելու է մոտ մեկ ժամ: