27/05/2016 17:53
Գերմանիայի դեսպան. Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը ոչինչ չի խոչընդոտի
Գերմանայի խորհրդարանի կողմից հունիսի 2-ին Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունմանը ոչինչ չի խոչընդոտի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը:
«Նշաններ չկան, որոնք կխոսեն հակառակ զարգացման մասին: Ամենայն հավանականությամբ, բանաձևը կընդունվի», - ասաց Մ.Քիսլերը Գերմանիայի դեսպանատանը «Բաց դռների օրվա» շրջանակում կազմակերպված միջոցառմանը:
Նա նկատեց, որ հունիսի 2-ին Հայաստանը և Թուրքիան համակ ուշադրությամբ հետևելու են, թե ինչ է տեղի ուենանու Գերմանիայի Բունդեսթագում:
«Օրերս Հայաստանում էր Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը, որը իր հստակ համոզմունքը արտահայտեց, որ հունիսի 2-ին սպասվում է բանաձևի ընդունումը: Նա նաև ասաց, որ այս հարցում գոյություն ունի Գերմանիայի մեղսակցության հարցը», - ասաց գերմանացի դիվանագետը:
Մ.Քիսլերն ընդգծեց, որ Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի շրջանակում ջանքեր են ուղղվելու հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման ուղղությամբ, և որ Գերմանիան հայ-թուրքական երկխոսության աջակիցն է:
Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևը Բունդեսթագ է ներկայացվել անցյալ տարի «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության կողմից: Բանաձևի շուրջ վերջին քննարկումը եղել է այս տարվա փետրվարի 25-ին:
Գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ Բունդեսթագում Ցեղասպանության ճանաչման մասին բանաձևն ամենայն հավանականությամբ հավանության է արժանանալու: