30/06/2016 12:59
ՌԴ ԱԳՆ. Ռուսաստանը հակված է համագործակցել ինչպես Լոնդոնի, այնպես էլ ԵՄ-ի հետ
Ռուսաստանը հակված է համագործակության ինչպես Մեծ Բրիտանիայի հետ, որը քվեարկել է ԵՄ-ից դուրս գալու օգտին, այնպես էլ՝ ԵՄ-ի: Ինչպես հայտնում է «РИАНовости»-ն, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Նա նշել է, որ Մոսկվայում կձևավորեն իրենց դիրքորոշումը Brexit-ի հարցով այն բանից հետո, երբ «Մեծ Բրիտանիան ստանա միջազգային-իրավական հիմք»։
«Սակայն, անշուշտ, մենք հակված ենք համագործակցության ինչպես Լոնդոնի, այնպես էլ Բրյուսելի հետ»,- ասել է դիվանագետը «Россия-24» հեռուտաալիքի եթերում՝ ընդգծելով, որ Մոսկվան պատրաստ է երկու կողմերի հետ համագործակցության ցանկացած ընդունված ձևաչափերում։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստնի տնտեսության վրա Brexit-ի անխուսափելի ազդեցության մասին, ցանկացած դեպքում Մոսկվայում այն կփորձեն հասցնել նվազագույնի։ Պատասխանելով եվրոպացի մի շարք քաղաքական գործիչների այն հայտարարություններին, թե Ռուսաստանն ունի իր ազդեցությունը Միացյալ Թագավորությունում տեղի ունեցած քվեարկության արդյունքների վրա, Պուտինն ընդգծել է, որ դա բրիտանացիների ընտրությունն է, իսկ Ռուսաստանը դրան չի խառնվել և կշարունակի դա չանել: