21/07/2016 19:11
Լևոն Մկրտչյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Հայաստանի կրթական բոլոր մակարդակներում ֆրանսերենի տարածման խնդրի առնչությամբ
Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի կառավարիչ Ադամա Ուանի հետ և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր Ժան Պոլ դը Գոդմարի հետ:
ԿԳՆ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության:
«Կազմակերպության ներգրավվածությունը համամարդկային արժեքների տարածման և հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման գործում նշանակալի է և առնչվում է հանրային կյանքի տարբեր ոլորտներին», - նշել է նախարարը:
Նա կարևորել է ֆրանսիական ներկայությունը Հայաստանի կրթական համակարգում, միաժամանակ ցանկություն հայտնել ֆրանկոֆոն մասնակցությունն ակտիվացնել կրթական համակարգի բոլոր օղակներում: Նախարար Լևոն Մկրտչյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Հայաստանի կրթական բոլոր մակարդակներում ֆրանսերեն լեզվի տարածման խնդրի առնչությամբ և ընդգծել համապատասխան հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը:
Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի կառավարիչ Ադամա Ուանը, ողջունելով Հայաստանի կրթության և գիտության նախարարին, բարձր է գնահատել կրթության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունները, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում ֆրանսերեն լեզվի տարածման, ֆրանսերեն լեզվով վերապատրաստման դասընթացների կազմակերպման ուղղությամբ գործնական քայլեր կատարելու առնչությամբ:
Հիշեցնենք, որ նախարար Լևոն Մկրտչյանի Փարիզ կատարած այցի արդյունքում ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին: