02/08/2016 09:58
Հոսանքի իջեցված սակագինը մտավ գործողության մեջ
Օգոստոսի 1-ից Հայաստանում գործողության մեջ մտան էլեկտրաէներգիայի նոր սակագները։ Թեև դրանք ավելի ցածր կլինեն մինչ այդ գործողից, այնուհանդերձ սպառողների մի մասը ստիպված կլինի ավելի շատ վճարել օգտագործված հոսանքի դիմաց։ Խոսքը բնակչության այն հատվածի մասին է, ովքեր օգտվում էին սուբսիդավորումից. գրել է «Հայոց աշխարհը»:
Հիշեցնենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, օգոստոսի 1-ից ցերեկային սակագինը նախկին 48,78-ից դառնում է 46,2 դրամ։ Նույնքանով նվազում է նաև գիշերային սակագինը՝ կազմելով 36,2 դրամ։
«Դրանով հանդերձ, բնակչության մի ստվար հատված չի զգալու այդ նվազեցման ազդեցությունը։ Հուլիսի 31-ից ավարտվեց օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց տրամադրվող սուբսիդավորման ժամկետը։ Ինչի հետևանքով մինչ այդ փոխհատուցում ստացած սպառողների համար այն թանկանում է 4,32 դրամով։
Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ վերջին պահին կառավարությունն, այնուհանդերձ, որոշեց իր վրա վերցնել սոցիալապես անապահով խմբերի համար էլեկտրաէներգիայի նախորդ թանկացման հետևանքով առաջացած հավելյալ բեռը, որը շարունակելու է պահպանվել նաև սակագների 2,58 դրամ նվազեցումից հետո։ Պատճառն այն է, որ ավարտվում է նախորդ սակագնային տարում տրամադրվող սուբսիդավորման գործունեության ժամկետը։
….Ինչպես հայտնի է, հուլիսի 1-ից Հայաստանում նվազել է նաև գազի ներքին սակագինը։ Տնտեսության ոլորտում նախկին 276,5 դոլարից այն դարձել է 257,5 դոլար, ինչը ևս ենթադրում է ծախսերի որոշակի կրճատում։ Հարկ է նշել, որ ի տարբերություն էլեկտրաէներգիայի, գազի սակագնի նվազեցումը հավասարաչափ կարտահայտվի բնակչության վրա։ Այս խմբի սպառողների համար հուլիսի 1-ից սակագինը նախկին 156 դրամից դարձել է 146,7 դրամ»,-գրել է թերթը։