22/08/2016 10:47
Քլինթոնը հուլիսին ընտրարշավի համար ծախսել է 49 մլն դոլար, իսկ Թրամփը՝ 18.4 մլն
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն իր ընտրարշավի համար հուլիսին ծախսել է 49 մլն դոլար, մինչդեռ նրա հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփը՝ ընդամենը 18.4 մլն դոլար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով The Washington Post-ին:
Պարբերականի կարծիքով՝ ծախսերի նման տարբերության պատճառն այն է, որ նախկին պետքարտուղարը միջոցներ է հատկացնում հեռուստաալիքներով թանկարժեք, փոքր ելույթների վրա և գործի դնում ողջ երկրով մեկ հարյուրավոր հաստիքային աշխատողներ։
Դրանք ավանդական ներդրումներ են ընտրարշավում, որոնցից հիմնականում Թրամփը զերծ է մնում։ Այսպիսով Քլինթոնն անցած ամիս ծախսել է 26 մլն դոլար՝ վիթխարի քանակությամբ հեռուստատեսային և համացանցային գովազդի արտադրության ու հեռարձակման համար։ Արշավի անցկացման ամբողջ ընթացքում Քլինթոնը գովազդային հոլովակների վրա ծախսել է 120 մլն դոլար։ Եվս մոտ 5 մլ դոլար ծախսվել է շտաբի 705 աշխատակիցների աշխատավարձերի համար։
Թրամփը, ինչպես նշում է պարբերականը, միջինը կրկնապատկել է ծախսերը մայիսին ու հունիսին, իսկ հուլիսին դրանք կազմել են 18.4 մլն դոլար։ Դրա մոտ կեսը՝ 8.4 մլն դոլար, գնացել է միայն վեբ դիզայնով զբաղվող Giles-Parscale ընկերության վրա։ Հանրապետականը հուլիսին նաև 3.2 մլն դոլար է ծախսել ամբողջ երկրով շրջելու համար, և 1.8 մլն դոլար՝ իր ընտրարշավի խորհրդանշանով արտադրանքների տարածման համար։
Ընդհանուր առմամբ նախագահական արշավի սկզբից Թրամփի շտաբը քարոզչության վրա ծախսել է 89.5 մլն դոլար, Քլինթոնինը՝ մոտ 319 մլն դոլար։