26/08/2016 15:17
Հայարփի Սարգսյանն ու Արա Ղարագյոզյանը բողոք են ներկայացրել Արայիկ Պապիկյանի դեմ
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբաններ Հայարփի Սարգսյանն ու Արա Ղարագյոզյանը բողոք են ներկայացրել փաստաբան Արայիկ Պապիկյանի դեմ:
«Փաստաբան Արայիկ Պապիկյանի վերաբերյալ ներկայացվել է երկու բողոք՝ փաստաբան Հայարփի Սարգսյանի և փաստաբան Արա Ղարագյոզյանի կողմից։ Այդ բողոքներն այս պահին քննարկվում են», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը երեկ հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտարարելով, որ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Հովհաննես Հարությունյանի փաստաբան Հայարփի Սարգսյանը ստահոդ լուրեր է տարածում ու այդ հարցով պատրաստվում է գրություն ուղարկել պալատ:
Ծովինար Խաչատրյանը Aysor.am-ին փոխանցեց, որ փաստաբանների պալատն այս պահին ՔԿՎ-ից չի ստացել փաստաբան Հայարփի Սարգսյանի վերաբերյալ գրություն։
«Սասնա ծռերին» պաշտպանելու գործում փաստաբանների աշխատանքին մամուլի խոսնակը գնահատական չցանկացավ տալ՝ նշելով, որ գնահատականը կարող են տալ փաստաբանների վստահորդները։
«Փաստաբանի աշխատանքն ունի արտաքին և ներքին կողմեր։ Շատ դեպքերում հասարակությունը չի կարող նկատել փաստաբանի աշխատանքի ներքին կողմը։ «Սասնա ծռերին» պաշտպանող փաստաբանների աշխատանքի գնահատականը կարող են տալ փաստաբանների վստահորդները», - նշեց նա:
Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է Արայիկ Պապիկյանի փաստաբանական ծառայություններից:
«Պատճառն այն է, որ Արայիկ Պապիկյանը երեք ժամ շարունակ Հովհաննես Հարությունյանի և ոչ միայն նրա, այլ նաև Աշոտ Պետրոսյանի մոտ ինձ զրպարտել է, նշել է, որ, իբր, իշխանության կողմից եմ ուղարկված և նրանց կողմից եմ ֆինանսավորվում: Այդ ամենին հավատացել է Աշոտ Պետրոսյանը և հրաժարվել է իմ ծառայություններից, իսկ Հովհաննեսն էլ հենց Պապիկյանի ծառայություններից է հրաժարվել, քանի որ հասկացել, որ նա ակնհայտ ստում է», - Aysor.am-ի հետ զրույցում ասել էր Հայարփի Սարգսյանը՝ նշելով, որ պատրաստվում է դատի տալ Արայիկ Պապիկյանին: