15/08/2016 18:46
«Սասնա ծռերի» փաստաբանների միջով սև կատու է անցել. Հայարփի Սարգսյանը դատի կտա Արայիկ Պապիկյանին
«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է Արայիկ Պապիկյանի փաստաբանական ծառայություններից:
«Պատճառն այն է, որ Արայիկ Պապիկյանը երեք ժամ շարունակ Հովհաննես Հարությունյանի և ոչ միայն նրա, այլ նաև Աշոտ Պետրոսյանի մոտ ինձ զրպարտել է, նշել է, որ, իբր, իշխանության կողմից եմ ուղարկված և նրանց կողմից եմ ֆինանսավորվում: Այդ ամենին հավատացել է Աշոտ Պետրոսյանը և հրաժարվել է իմ ծառայություններից, իսկ Հովհաննեսն էլ հենց Պապիկյանի ծառայություններից է հրաժարվել, քանի որ հասկացել, որ նա ակնհայտ ստում է»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանը:
Նա նշեց, որ պատրաստվում է դատի տալ Արայիկ Պապիկյանին:
«Ինձ զրպարտելու համար ես պատրաստվում եմ Արայիկ Պապիկյանին դատի տալ: Նաև փաստաբանների պալատ կմուտքագրվի դիմում՝ կարգապահական ձևով հարցը լուծելու համար»,-նշեց փաստաբանը:
Հայարփի Սարգսյանի խոսքով՝ Արայիկ Պապիկյանը հերյուրանքներ է տարածել ոչ միայն իր, այլև՝ Արա Ղարագյոզյանի և այլ փաստաբանների հասցեին:
Ի դեպ, չնայած նրան, որ Հովհաննես Հարությունյանը հրաժարվել է Պապիկյանի ծառայություններից, այնուամենայնիվ, երեկ նա տեսակցել է Հարությունյանին:
«Այո, հանդիպումը կայացել է, քանի որ ընթացքում շաբաթ-կիրակի է եղել, և Հովհաննեսը չի կարողացել դատապարտյալների հիվանդանոցի վարչակազմին տեղյակ պահել իր որոշման մասին: Պապիկյանը ներողություն է խնդրել նրանից, որ զրպարտել է մեզ, բայց դա արդեն Հովհաննեսին չի հետաքրրքում»,-հավելեց փաստաբանը:
Aysor.am-ը կապ հաստատեց նաև Արայիկ Պապիկյանի հետ, ով նշեց, որ տեղյակ չէ, թե Հայարփի Սարգսյանին ով է նման բան ասել:
«Ես չգիտեմ՝ ինչի մասին է խոսում Հայարփի Սարգսյանը, առավել ևս չգիտեմ, թե ինչու է նա ինձ դատի տալիս: Այսքանը կարող եմ ասել»,- Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Արայիկ Պապիկյանը: