29/08/2016 11:45
Դատարանը մերժել է «Սասնա ծռերին» բեռնատարը տրամադրած վարորդին ազատ արձակել
Ոստիկանության պարեկապահակային ծառայության գունդը գրաված զինված խմբին իր բեռնատարը տրամադրած «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Խաչատուր Գիչյանի փաստաբան Տիգրան Սարգսյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել իր պաշտպանյալի կալանավորման դեմ:
«Ես առաջարկել եմ ստորագրությունը չհեռանալու մասին միջնորդությամբ իրեն բաց թողնել, քանի որ ինքը նպատակ չունի թաքնվելու, խոչընդոտելու գործի քննությանը, կամ՝ գոնե գրավի դիմաց ազատ արձակեն, բայց դատարանը մերժեց», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Տիգրան Սարգսյանը:
Նրա խոսքով՝ դատարանն իր այս որոշումը հիմնավորել է նրանով, որ նախաքննական մարմինը դեռ գործեր ունի անելու, հանգամանքներ կան ճշտելու, ըստ այդմ, Խաչատուր Գիչյանը պետք է մնա կալանքի տակ, մինչև այդ հանգամանքները ճշտվեն:
«Սակայն մինչ օրս որևէ էական գործողություն չի արվել: Իմ պաշտպանյալի գործն անգործության է մատնվել», - նշեց փաստաբանը:
Տիգրան Սարգսյանը փոխանցեց, որ այս գործը սկզբնական փուլում ԱԱԾ քննիչներն էին քննում, իսկ հիմա գործի մեջ ներգարավվել են հատուկ քննչական ծառայության քննիչներ: «Քանի որ այն գործողությնները, որը կատարվեց, տուժեցին նաև ոստիկաններ, իսկ օրենքն ասում է, եթե գործում ներգրավված են ոստիկաններ, ապա այն պետք է քննի ՀՔԾ-ն», - մանրամասնեց փաստաբան Սարգսյանը:
Տիգրան Սարգսյանն օրերս է տեսակցել իր պաշտպանյալին, որը առողջական որևէ խնդիր չունի, ոչ մի բանից դժգոհություն չի ներկայացրել՞
«Խաչատուր Գիչյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, այս գործով իրեն մեղավոր չի ճանաչում, իր ցուցմունքներից երևում է, որ բեռնատարն անկախ իր կամքից են տարել, ինքը դրա մեջ դերակատարություն չի ունեցել», - հավելեց Տ.Սարգսյանը:
Խաչատուր Գիչյանը, հիշեցնենք, կալանավորվել է հուլիսի 20-ին: Գիչյանին մեղադրանք է առաջադրվել շենքեր ու շինություններ, կապի միջոցներ զավթելու և ապօրինի կերպով զենք զինամթերք պահելու և տեղափոխելու հոդվածներով: