24/09/2016 15:32
Տալլինում սկսվել է Էստոնիայի նախագահի ընտրությունը
Էստոնիայի նախագահի ընտրությունները սկսվել են շաբաթ Ընտրիչների կոլեգիայում, որը հավաքվել է Տալլինի «Էստոնիա» ազգային օպերայի համերգային դահլիճում: Խորհրդարանի նախագահ Էյկի Նեստորն արդեն իսկ հայտարարել է քվեարկության սկսվելու մասին: Այն տևելու է մեկ ժամ, հայտնում է РИА Новости-ն:
Էստոնիայի նախագահի պաշտոնի համար առաջին փուլում պայքարում են հինգ թեկնածու՝ իշխող Բարեփոխողների կուսակցության պատվավոր նախագահ, Եվրոպական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Սիիյմ Կալասը, ընդդիմադիր Կենտրոնական կուսակցությունը ներկայացնող նախկին պատգամավոր Մայլիս Ռեպսը, Էստոնիայի արտաքին գործերի նախկին նախարար Մարինա Կալյուրանդը, Էստոնիայի խորհրդարանական Պահպանողական ազգային կուսակցության ներկայացուցիչ Մարտ Հելմեն եւ փաստաբան Ալլար Յիիկսը:
Էստոնիայում գործում է անուղղակի ընտրությունների երկաստիճան համակարգ: Սկզբում պետության ղեկավար է փորձում ընտրել խորհրդարանը, բայց եթե թեկնածուներից ոչ ոք չի հավաքում անհրաժեշտ թվով ձայներ, ընտրությունները շարունակվում են Ընտրիչների կոլեգիայում: