26/09/2016 13:22
Արծվիկ Մինասյանը, հնարավոր է, տեղափոխվի այլ պաշտոնի. Վահրամ Բաղդասարյան
ՀՀԿ-ՀՅԴ հուշագրում նշված չեն պաշտոնների անուններ, նման պայմանավորվածություն չի եղել, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Հուշագրում մենք որևէ նման պայմանավորվածություն չունենք: Հուշագրում կա քանակների մասին, որ երեք դաշնակցական մեր գործընկերները պետք է լինեն կառավարության կազմում, և մենք դա պահպանում ենք», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրուցյում ասաց Վահրամ Բաղդասարյանը:
Հարցին, թե էկոնոմիկայի դաշնակցական նախարար Արծվիկ Մինասյանը չի՞ բավարարել պահանջներին, այդ պատճառով է լքում պաշտոնը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց՝ եթե չբավարարեր պահանջներին, այլ արձագանք կլիներ:
«Այսօր մենք ունենք նորանշանակ վարչապետ, որը ձևավորում է նոր կառավարություն, նոր մոտեցումներ են, նոր գործիքներ, նպատակահարմարությունն այն է, թե ով որտեղ ավելի օգտակար ու պիտանի կլինի: Գնահատելով և ավելի առավելություն տալով Արծվիկ Մինասյանին այլ ոլորտում՝ հնարավոր է նա տեղափոխվի այլ պաշտոնի», - ընդգծեց Վ.Բաղդասարյանը: