26/09/2016 13:40
Գողությունը եկել է մարդկության հետ և մարդկության հետ կհեռանա. Վահրամ Բաղդասարյանը՝ պրիմիտիվ գողության մասին
Կարեն Կարապետյանը կատարում է այն գործողությունները, որը որդեգրում է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Դիտարկմանը, թե վարչապետ Կարեն Կարապետյանը ձևավորում է թիմ սեփական մերձավորների և ընկերների շրջանակներից, Վահրամ Բաղդասարյանը նշեց՝ Հայաստանը փոքր երկիր է և, հնարավոր է, որ բոլորը մեկը մեկի հետ ունենան հարաբերություններ:
«Մեր մեջ չկան թաղային հարաբերություններ, այլ՝ թիմային հարաբերություններ, իսկ Հայաստանը փոքր երկիր է և, հնարավոր է, որ բոլորը մեկը մեկի հետ ունենան հարաբերություններ»,- նշեց Վ. Բաղդասարյանը:
Անդրադառնալով վարչապետի հայտարարությանը, թե պետք է վերջ տալ պրիմիտիվ գողություններին, մասնավորապես, հարցին, թե ովքե՞ր են այդ գողերը, Վահրամ Բաղդասարյանն ասաց.
«Մի անձնավորեք, դա ընդհանուր այն մթնոլորտի մասին է, որ եղել են նման երևույթներ և պետք է ազատվել դրանից: Գողությունը եկել է մարդկության հետ և մարդկության հետ կհեռանա»: