05/10/2016 13:06
Հայ Ավետարանչական եկեղեցու հովվին ծեծելու դեպքը որակում ենք որպես ահաբեկչություն. ՀՔԱՎ
Վանաձորի Հայ Ավետարանչական եկեղեցու հովիվ, գերապատվելի Ռաֆիկ Գրիգորյանին ծեծի ենթարկելու դեպքը Հայաստանում տիրող բացարձակ ամենաթողության և անպատժելիության մթնոլորտի հերթական դրսևորումն է, որը ևս մեկ անգամ ստվերում է ընտրական գործընթացները։ Այդ մասին ասված է Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հայտարարությունում:
«Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս քաղաքական գործընթացներում քրեական գործելակերպի անթույլատրելիությունը։ Տեղի ունեցածը որակում ենք որպես ահաբեկչություն՝ քաղաքացու և նրա ազատ կամքի արտահայտման դեմ և ակնկալում ենք, որ իրավապահ մարմինները այս հանցագործությանը կտան համարժեք իրավական գնահատական և մեղավորները կենթարկվեն պատասխանատվության», - նշված է հայտարարությունում:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Վանաձորի ՏԻՄ ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու թեկնածու Արկադի Փելեշյանը 15 անձանց հետ հոկտեմբերի 4-ի երեկոյան ծեծի է ենթարկել Ռաֆիկ Գրիգորյանին: